Ինչպե՞ս է պաշտպանվում չբացահայտված տեղեկատվությունը

Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք անհայտ են երրորդ անձանց (չբացահայտված տեղեկատվություն), օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի այդ տեղեկատվությունը պահպանել ապօրինի օգտագործումից, եթե պահպանված են օրենքով  սահմանված պայմանները:

Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):

Չբացահայտված տեղեկատվության պահպանության կանոնները չեն կիրառվում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք (իրավաբանական անձանց, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, պետական վիճակագրական հաշվետվության տեղեկությունները և այլն):

Չբացահայտված տեղեկատվության պահպանության իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են օրենքով  նախատեսված պայմանները:

Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի հիմքերով ստացած, տարածած կամ օգտագործած անձը պարտավոր է այդ տեղեկատվության օրինական տիրոջը հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները:

Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է տարածելու իրավունք չունեցող անձից, որի մասին չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից հետո, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:

Չբացահայտված տեղեկատվությունն օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի ապօրինի օգտագործողից պահանջել անհապաղ դադարեցնելու դրա օգտագործումը: Սակայն դատարանը, հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման վրա բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը, կարող է դրա հետագա օգտագործումը թույլատրել հատուցելի ոչ բացառիկ լիցենզիայի պայմաններով:

Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի այդ տեղեկություններն օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից ու վերջինիս հանդեպ պատասխանատվություն չի կրում դրա օգտագործման համար:

Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է այդ տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի:

Լիցենզառուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել պայմանագրով ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և լիցենզատուին հավասար ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, լիցենզառուն տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե համապատասխան տեղեկությունները շարունակում են լինել չբացահայտված տեղեկատվություն:

Սերինե Խաչատրյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել