Անվտանգության խորհրդի վերաբերյալ նախագիծը ընդունվել է

Ազգային ժողովը ընդունեց Անվտանգության խորհրդի կարգավիճակը, խորհրդի կազմը և գործառույթները սահմանող օրենքի նախգիծը:

Անվտանգության խորհրդի անդամներն են`

վարչապետը.

առաջին փոխվարչապետը.

փոխվարչապետները.

Անվտանգության խորհրդի քարտուղարը.

պաշտպանության նախարարը.

արտաքին գործերի նախարարը.

ազգային անվտանգության ծառայության տնօրենը.

ոստիկանության պետը.

զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործունեությունն կիրականացվի կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին և քվեարկել կողմ կամ դեմ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշման:

Նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Անվտանգության խորհրդի նիստերը կհրավիրվեն վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ:

Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ:

Նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը: Խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի օրակարգի վերաբերյալ:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից` իր պաշտոնի ստանձնման օրը:

Հիշեցնենք, որ այժմ Ազգային անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը,ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նախագիծը նույնությամբ ընդունելու դեպքում, նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը չեն լինի խորհրդի կազմում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել