Ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության փաստով քրեական գործ է հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ  է հարուցվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական       սոճուտի տարածքում հայտնաբերել են ինքնությունը չպարզված անձի/անձանց կողմից թվով 332 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք: Նույն օրը կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին:

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ինքնությունը չպարզված անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել են թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որը, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն, առաջացրել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների հետևանքով բնությանը և պետությանը խոշոր վնասը պատճառվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց վրա դրված անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում անտառների պահպանության և պաշտպանության վիճակը պարբերաբար հսկելու, իրենց իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումները կանխելու, նմանատիպ խախտումների մասին արձանագրություններ կազմելու և այլ պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս առաջացնելու և պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել