«Իմ հաջողության գրավականը համարձակությունս է»․ Սիրարփի Արշակյան

Չկան բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ հարաբերություններ կամ մարդիկ․ և իրավաբանը պետք է խնդրին անդրադառնալին հապշտապ որոշումներ չանի և լրջորեն կշռադատի․ մեզ հետ զրույցում ասում է երիտասարդ իրավաբան Սիրարփի Արշակյանը։ Իր հաջողությունների, մասնագիտական խնդիրների մասին նրա հետ զրուցել ենք «Երիտասարդ իրավաբանները» շարքի շրջանակում։   

-Սիրարփի, կպատմե՞ք՝ ինչու ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը։

-Մասնագիտությունս  ընտրել եմ վաղ տարիքում և, ընտրության հարցում մեծ դեր է ընդունել հայրիկս։  Նա ինձ անընդհատ ներգրավվում էր այնպիսի  միջոցառումներում,  որոնք վերաբերում էին  իրավաբանությանը, մարդու իրավունքներին, դրանց  պաշտպանության հարցերին։ Ահա այդ միջավայրը, շփումները ինձ ստիպեցին հետաքրքրվել այս մասնագիտությամբ։  Հետաաքրքիրն այն է, որ հայրս նույնպես երազել է իրավաբան դառնալ, սակայն  միայն սիրողական մակարդակում է ուսումնասիրել այն։   
Ընտրությանս  նպաստեց նաև իմ բնավորությունը. ես համարձակ մարդ եմ և անգամ փոքր տարիքից  չէի սիրում լռել: Ես մշտապես նախաձեռնում էի ինչ-որ քայեր, պայքարում անարդարության դեմ:  Ահա այս բոլոր գործոնների արդյունքում էլ ընդունվեցի Ֆրանսիական  համալսարանի  իրավագիտության ֆակուլտետ  և ընթացքում էլ  համոզվեցի, որ ճիշտ ուղու վրա էի:

-Ի ՞նչ եք կարծում այս ոլորտում միայն ակադեմիական գիտելիքը բավարա՞ր է, թե՞, այնուամենայնիվ, այլ հմտություններ են պետք չձախողելու համար:

-Ըստ իս ՝ ակադեմիական  կրթությունը  պարտադիր է, բայց ոչ բավարար: Սակայն ես կառաջարկեի,  որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները վերանայեին իրենց ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանում ներառեին նաև պրակտիկ դասընթացներ, որպեսզի ուսանողը դեռ ուսանելու տարիներին հնարավորություն ունենար կուտակելու պրակտիկ գիտելիքներ, որոնց կարևորությունը աննկարագրելի է։

Այնուամենայնիվ  նշեմ, որ կան շատ իրավաբաններ,   ովքեր չունեն բարձրագույն կրթություն,  կամ,  օրինակ,  մագիստրատուրայում  են ձեռք  բերել իրավաբանի մասնագիտությունը, բայց աշխատում են. սա և դրական,  և բացասական կողմեր ունի:  Անհերքելի է, որ կան  բազային կրթություն չունեցող,  բայց շատ  հմուտ իրավաբաններ, սակայն նրանք մեծամասնություն չեն: Այնպես որ,  ես առաջնային եմ համարում մասնագիտական կրթությունը՝ զուգորդված պրակտիկայով:

-Այսօր  Հայաստանի գրեթե բոլոր բուհերում ամենից  պահանջված մասնագիտությունը իրավագիտությունն է։ Եվ սա նույնիսկ այն դեպքում, որ ԵՊՀ-ում  անգամ  պետպատվերով տեղեր այլևս չկան։ Ըստ Ձեզ,  ինչո ՞վ է պայմանավորված այս մասնագիտության այդքան մեծ պահանջվածությունը։

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իր կյանքում բախվում է որևէ տեսակի անարդարության և փորձում է դա հաղթահարել, սակայն տեսնում է, որ  հաճախ  ուժերն ու գիտելիքները չեն բավարարում, որպեսզի հասնի արդարության:  Ահա այդ դժվարություններն են  շատ երիտասարդների դրդում դառնալ  իրավաբան,  որպեսզի  ունենան  ավելի խորը, բազային գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան ավելի լավ դրսևորվել նման իրավիճակներում, պաշտպանել իրենց և դիմացինների  շահերը: Կարծում եմ՝  սա է առաջնային գործոնը, իհարկե, ոչ միակը:

-Իսկ  Դուք  ի՞նչ  դժվարությունների եք հանդիպել  մասնագետ դառանալու  ճանապարհին:

-Բարդություններ, իհարկե, եղել են:  Երբ ասացիք  դժվարություններ,  վերհիշեցի իմ ուսանողական չորս տարիները, երբ սովորում էի  Ֆրանսիական համալսարանում: Շատերին է հայտնի, որ այնտեղ սովորելը իսկապես բարդ է: Ինձ համար ամենից  խրթինը մեր քննություններն էին, երբ 2 շաբաթում հանձնում էինք օրերի քանակից  ավելի քննություններ, այսինքն,  մեկ օրում երկու կամ ավելի քննություն: Բայց ես պատվով հաղթահարեցի այդ ամենը:

-Հոլիվուդյան մի ֆիլմ կա՝ «Ֆիլադելիֆիա»․ այս ֆիլմում փաստաբանները հրաժարվում են ծառայություն մատուցել հաճախորդին միայն այն պատճառով, որ  նա  հիվանդ է  ՁԻԱՀ-ով:  Իսկ Ձեր պրակտիկայում  արդյո՞ք եղել է  դեպք, երբ սկզբունքորեն դեմ եք եղել որևէ հարցի շուրջ խոսել, կամ կա՞  նման թեմա/ոլորտ, ինչին,  առհասարակ, չէիք ցանկանա առերեսվել:

-Յուրաքանչյուր իրավաբան պիտի հասկանա, որ նման խտրականությունները պետք է բացառվեն,  որովհետև անգամ առօրյա  կյանքում չկան բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ հարաբերություններ կամ մարդիկ:  Գուցե որևէ պահի մենք կատեգորիկ ենք, սակայն հետո անպայման   հասկանում ենք, որ պետք էր երկար  կշռադատել: Սա իմ  սկզունքներից մեկն է՝  չդնել  որևէ խտրկանություն: Ես երբևէ չեմ մտածում ՝ հարցն ինձ հաճելի է, հարազատ է ,թե՝ ոչ։ Եթե անգամ հոգեհարազատ էլ  չէ,  ես պարտավորվում եմ նույնքան նվիրումով և սիրով  աշխատել դրա վրա, ինչպես մյուս դեպքերում։

-Մի զվարճալի խոսք կա՝ եթե չես կարող գտնել իրավաբան, ով լավ գիտի օրենքները, գտիր իրավաբան, ով լավ գիտի դաատավորին: Հասցրե՞լ եք հանդիպել նման իրավաբանների:

-Ցավոք, հանդիպել եմ։ Ինչպես ցանկացած ասպարեզում, այնպես էլ  իրավաբանների շրջանում  կան նման մարդիկ,  ովքեր փորձում են այլևայլ տարբերակներով լուծել  ինչ-որ հարցեր: Նման դեպքերի առերեսվելիս փորձում եմ կանխել, անգամ եթե շրջապատումս   հանդիպում են  մարդիկ, ովքեր հեշտ լուծումներ  են փնտրում,  ուզում եմ փոխել նրանց կարծքիքը այդ հարցի վերաբերյալ,   որովհետև  վստահեցնում եմ ՝ նման մարդիկ երկար ճանապարհ գնալ չեն կարող: Փորձը ցույց է տալիս, որ այդ ոճով առաջնորդվողները  ինչ-որ կետում անպայման ձախողում են:  Առհասարակ, պետք է խիստ քննադատաբար մոտենալ նման հարցերին և արագ կանխել, որպեսզի արմատներ չգցեն: Ըստ իս, իրավաբանի ինստիտուտը մեր իրականության մեջ կայացման փուլում է, նման սխալները, խախտումները չպիտի թուլացնեն այս կառույցը:

-Ասում են, ժամանակին  մարդիկ վճարում էին,  որպեսզի շրջանցեն օրենքը,  իսկ հիմա, որ ամեն ինչ օրենքով լինի: Ի ՞նչ եք կարծում, ինչպես պետք է ձևավորել  իրավապաշտ և իրավահաղորդ  հասարակություն:

-Սա  այսօր ամենից կարևոր հարցերից է: Ես կարծում եմ ՝  այդ մտածողությունը ոչ թե պետք է փոխել  պրոպագանդայով,  այլ   մարդկանց փոքր տարիքից,  ընդհուպ մանկապարտեզից  սովորեցնել, թե ինչ է նշանակում իրավահավասարություն,  ինչ ասել է  ունենալ իրավունքներ  և պարտականություններ:  Այսօր շատ մարդիկ կաղապարվում են՝ լսելով իրավունքների մասին,   քանզի  կարծում են՝  իրենց հետ դա որևէ աղերս ունենալ չի կարող:  Բայց եթե երեխաները դաստիարակվեն այդ ոգով,  մենք  1-2 սերունդ հետո  կունենանք իրավագիտակից հասարակություն: Միայն այս ճանապարհով է, որ կարող ենք որևէ բան փոխել:  
Այս ամենին ես նպաստում եմ  ոչ միայն իմ ակտիվությամբ,  այլև հասարակական կազմակերպություններում  դրսևորածս ակտիվությամբ: Ես հավատացած եմ, որ փոքրիկ    ծրագրերով հնարավոր է մարդկանց համար մի լավ բան անել, կրթել, օրինակ ծառայել, դաստիարակել:

-Իսկ  ո՞ րն է Ձեր և ընտանիքում, և մասնագիտական գործունեության, և հասարակական կյանքում հաջողելու գաղտնիքը:

-Կարծում եմ, պայմանավորված է իմ խառնվածքով:  Ես ինքս ակտիվ մարդ եմ և դեռ դպրոցական տարիներից զբաղվել եմ հասարակական աշխատանքով:  2011 թվականին  դարձել եմ  Երիտասարդական ակումբների դաշնության  անդամ, մասնակցել եմ բազում միջոցառումների կամավորական սկզբունքով: Այս տարիներին իմ առջև բացվեցին բազում դռներ:

Սա այն շրջանն էր, երբ ես գրեթե ժամանակ չունեի,  փորձում էի  հասցնել ամեն ինչ, և դա ինձ դուր էր գալիս: Մինչ օրս էլ հենց այդ ռիթմն է իմ էներգիայի աղբյուրը: Տանել չեմ կարողանում միապաղաղությունը: Սիրում եմ  մարդկանց հետ շփվել, սովորել, փորձել, ձախողել և կրկին փորձել:

Հիմա նաև գրում եմ ասպիրանտական  թեզս, որը կրկնապատկել է ծանրաբեռնվածությունս, բայց այլ կերպ չեմ պատկերացնում իմ կյանքը: Եթե անգամ հանգստանում եմ, ապա դարձյալ ակտիվ կերպով:

Իմ հաջողության գրավականներից է նաև իմ  համարձակությունը: Կարծում եմ, այն մարդը, ով չի վախենում սխալվելուց, միշտ էլ իր տեղը կգտնի:

-Ասում են, թե այն մարդը, ով մոռանում է անցյալը, դատապարտված է նորից  վերապրելու այն: Կան անցյալում պահեր, որոնք վերապրել չէիք ցանկանա, կամ հնարավորության դեպքում որևէ բան կփոխեիք անցյալում։

-Ես բոլոր դեպքերում փորձում եմ հիշել դրականը, բացասականի հետ կապված դժվարությունները վերլուծում եմ տեղում, դասեր քաղում և առաջ անցնում: Իհարկե, բազում դժվարություններ են եղել իմ կյանքում, բայց հետ նայելիս ավելի շատ հասկանում եմ, որ իսկապես հրաշալի պահեր  եմ  ունեցել, որոնք կուզենայի վերապրել, զգալ:

Բայցև  մեծ ակնկալիքներ ունեմ աապագայից,  ավելի մեծ հաճույքով  կցանկանամ  ապրել ապագան,  քան անցյալը:

Ինձ համար շրջադարձային դեպքեր շատ են եղել, ինձ շատ են կոտրել, նաև հասցրել եմ   հասկանալ,  որ ամեն տեղ չէ , որ արդարություն կա: Սակայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ անգամ հնարավորության դեպքում որևէ բան չէի փոխի:

-Խնդրում եմ նշել իրավաբանի ընդունելի կերպարը ո՞րն է Ձեզ համար։

-Ըստ իս, լավ իրավաբանը պետք է լինի աշխատանքում հավասարակշռված, հարցը երբևէ  չտեղափոխի էմոցիոնալ հարթակ, որևէ գործ  չպրոեկտի  անձնական  հարաբերություններում: Խիստ հարգում եմ այն իրավաբաններին, ովքեր տարբերում են աշխատանքը առօրյայից, սա շատ կարևոր է:  Նաև կարծում եմ, որ իրավաաբանը պիտի լինի բազմակողմանի զարգացած, ունենա  հիմնարար գիտելիքներ, լինի համարձակ և վճռորոշ: Սրանք հիմնական հատկանիշներն են, որոնք պիտի  ունենա յուրաքանչյուր իրավաբան: Ինձ համար շատ հետաքրքիր կերպար է Ամալ Քլունին։

-Բացի մասնագիտական գործունեությունից ի ՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Սիրում եմ  տարբեր երկրներ գնալը, նոր մշակույթների ծանոթանալը։ Երիտասարդական ակումբների դաշնության շնորհիվ ես շատ եմ  եղել  տարբեր  երկրներում, այժմ էլ ամեն հնարավորությունից փորձում եմ օգտվել և նոր բացահայտումներ անել:

Իմ հոբիներից է երգելը,  բեմում մեկ երգը բավական է հանսգտանալու, խաղաղվելու համար:   Վերջերս հետաքրքրվում եմ նաև  դահուկասահքով, ինչն էլ ինձ ստիպեց սիրել ձմեռը: Եվ, իհարկե, իմ ժամանակի մեծ  մասը հատկացնում եմ իմ  փոքրիկին, իմ ընտանիքին, որտեղ կա անչափ սեր և վստահություն:

Հարցազրույցը՝ Լիանա Մարտիրոսյանի
Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել