Ինչպե՞ս են պարզվում ՃԵԿ խախտումների հատկանիշները

Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերի առիթով (այսուհետ՝ իրավախախտումներ) Ճանապարհային ոստիկանությունը հարուցում է վարչական վարույթներ:

Վարչական վարույթի փուլերից մեկը՝ դա իրավախախտման հատկանիշների պարզման փուլն է:

Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

Եթե իրավախախտումը կատարվել է պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրավոր հարցում է կատարում համապատասխան կազմակերպությանը (հարցումը կարող է ուղարկվել նաև կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին):

Հարցումն ստացած կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը պարտավոր է հնգօրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարել) տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան և համարը, և կցվում է աշխատանքային պայմանագրի և տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը (եթե հարցումն ուղարկվել է կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա դրա պատասխանը ևս կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով):

Նաև նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել