ՊԵԿ նախագահը նոր հանձնարարական է տվել հարկային տեսչությունների ղեկավարներին

Պետական եկամուտների կոմիտեն հատուկ հսկողություն է սահմանել աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և կանխելու նպատակով: Հարկային տեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու հարկ վճարողների շփումների նկատմամբ և անհապաղ զեկուցել հարկային ծառայողի վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն դրսևորումների դեպքերում: Հանձնարարվել է հարկ վճարողների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի կամ արտաքին դիտարկման վերաբերյալ գրավոր հանձնարարականի առկայության դեպքում՝ բացառելով հարկ վճարողների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը: Վարքագծի կանոնների համաձայն՝ հարկային ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, որոնց արդյունքում կխոչընդոտվի հարկային օրենսդրության պահանջների կատարումը: Նա պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել հարկային ծառայությունը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը:

Հարկային ծառայողի վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին ահազանգել կոմիտեի նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-605 հեռախոսահամարով կամ զանգահարել թեժ գիծ՝ 060-544-444: Կոմիտեն պատրաստ է արագ արձագանքել և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել