«Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»… Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորի տան ճանապարհին լսվեց: Հարևաններից մեկն էր բարձրաձայն միացրել հայտնի երգը:
Ռոբերտ Աբաջյանի տանը մարդաշատ էր, ծնողներ, հարազատներ, ընկերներ: Բոլորը ինչ-որ բան ունեն պատմելու Ռոբերտի մասին:
Ուր գնացել է, նրան սիրել են
«Նա որ տուն էր գալիս, մենք բոլորս ուրախանում էինք, դրական անձ էր, իր հետ երջանկություն էր բերում»,- հիշում է մայրը Աննա Աբաջյանը:
Հարազատների խոսքերով՝ Ռոբերտն ընկերասեր էր ու բարի. «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին,- պատմում է հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը,- «Նա 4 տարեկան էր, դեպք էր եղել, ինձ կանչել էին, որ մի հարցի շուրջ զրուցենք, ուզում էին իմ ընկերներին իմանալ, հարցնում են՝ որտեղ ես մնում, ասացի՝ Մանումենտում, հետքրքրվեցի, թե ում է ճանաչում Մանումենտում, որոշ անուններ նշեց, որ պատասխանեցի՝ դու այնպիսի մարդկանց անուններն ես հիշատակում, որ իմ երեխային էլ կճանաչես, 3 տարեկանից աչքի ընկնող էր, ասացի՝ ես Կյաժի պապան եմ: 5-ը տարեկանում ինքը իրենով էր, իմ ընկերների հետ ընկերություն էր անում»:
Իսկ մայրը նշեց. «Երբ դպրոցում էր, դասղեկն ամեն օր իր մեքենայով գալիս էր նրա հետևից, ընկերացել էր հետը, ուր գնացել է, նրան սիրել են»,- հայրն էլ շարունակում է. «Այո, 17 տարեկան էր, 5 տարեկանի, իր տարիքայինների ու իրենից մի քանի տասնյակ տարիներ մեծերի հետ էր ընկերություն անում: Ռոբերտը քաղցր տղա էր, բոլորին ձգում էր դեպի իրեն»:
«Բացի հարազատ ընկերներից, եթե մեկը որևէ բանի կարիք ունենար, անկախ նրանից, թե ով է, անպայման պետք է խառնվեր, ինքն իր խառնվածքի շնորհիվ էլ երևի հասավ այս փառքին»,- ասաց պապիկը՝ Գևորգ Աբաջյանը:
Հորեղբայրը՝ Արամ Աբաջյանն էլ եզրափակեց. «Եթե ժամանակին իրեն ճանաճում էին որպես Ալիկի տղա, Արամի եղբոր որդի, հիմա բոլորը մեզ են ճանաչում՝ որպես Կյաժի հայր, Կյաժի հորեղբայր»:
Կարող էր լավ ատամնաբույժ դառնալ
Ռոբերտ Աբաջյանը ցանկանում էր ատամնաբույժ դառնալ. «Ինքն իր խառնվածքով ուզում էր ամեն ինչ իմանալ, անկախ նրանից, տեղեկություն ունի այդ հարցից, թե՝ ոչ, բայց պետք է մտներ հարցի մեջ ու մինչև վերջ ուզում էր տիրապետել, ատամնատեխնիկությունն իրեն չէր բավարարել: Նա իր բնավորությամբ շատ աշխույժ երիտասարդ էր»,- հիշեց պապիկը:
Հորեղբոր խոսքերով՝ Ռոբերտի մեջ կազմակերպչական ջիղ կար. «Մեր ընկերներից մեկը սրճարան էր բացել, նա սեփական նախաձեռնությամբ դարձել էր այդ սրճարանի կառավարիչն ու լավ էլ առաջ էր տանում աշխատանքները»,- ասաց նա:
Ռոբերտն ուներ մի մեծ սեր, տարված էր մեքենաներով, քավորը պատմում է, որ չի եղել մի դեպք, երբ մեքենայի վրա հարազատները բանալի թողնեին ու գնային տուն և վերադառնալուց տեսնեն, որ ավտոմեքենան իր տեղում է:
Ռոբերտը նաև հմայիչ երիտասարդ էր: Եղբոր խոսքերով՝ աղջիկները նրանով միշտ հետաքրքրվել են. «Երբ ծառայում էր, 10-ից ավելի աղջիկներ գրել էին, թե իր ընկերուհին են, բայց դժվար այդպես լիներ»,- ասում էր եղբայրը՝ Ռուբեն Աբաջյանը:
«Երկրորդ կուրսում էր, եկավ մի օր ու կատակեց՝ ասելով, թե քոլեջի աղջիկները բոլորն ինձ են սիրում, ինձ համար կռիվ են անում»,- հիշեց մայրը:
«Ծառայության ընթացքում զանգեց տուն, ասաց՝ պապի տանը թութակի վանդակ ունե՞նք, ասացի, որ կա, խնդրեց թութակ առնել, ու տալ մի տղայի, մի օր այդ երիտասարդը եկավ, ասաց, որ Կյաժն է ուղարկել, թութակները պետք է տանի, տվեցի, հետո իմացանք, որ մի աղջկա ծնունդն էր, բանակից թութակները նվիրել էր այդ աղջկան»:
Միգուցե փամփուշտ շատ լիներ, մի կես ժամ ավելի կռիվ տար ու փրկվեր
Ապրիլի 1-ին Ռոբերտի հոր ծնունդն է. «Զանգեց, ասաց. Պապ ջան, ծնունդդ շնորհավոր, ասացի՝ վայ ապրես դու բալես, ասաց՝ գնում եմ պոստ, ես էլ հումոր միշտ ասում էի՝ հա բալես, դու գնա պոստը պահի, որ պապան հանգիստ քնի, էտ նույն բառերն էլի ասացի այդ օրը»,- հիշեց Ալեքսանդր Աբաջյանը:
«Կռվել է այնպես, ասես, առաջնագծի հենց ետևում մեր տունն է»,- լսվեցին հորեղբոր խոսքերը:
Ռոբերտի հայրը պատմեց. «1990-ականներին, ովքեր պոստ են պահել, փամփուշտների պակաս չի եղել, իսկ հիմա երեխաները վախենում էին կրակել, որովհետև ամեն հատիկ փամփուշտը գրանցվել է, իրենց վրա հաշիվ է եղել»,- իսկ հորեղբայրը նշեց. «Հրամանատարը հրահանգ է տվել հետ քաշվել մի քանի անգամ, բայց ինքը մինչև վերջ կանգնել է կողքին, ոտքն էլ վիրավոր վիճակում եղել: Վերջին անգամ, կողքի պոստից տեսել են, որ ինքը վիրավոր գնում է իր՝ միգուցե վիրավոր կամ զոհված ընկերոջը բերում ու իջեցնում խրամատը, դրանցի հետո էլ կրակոց չի եղել, ուրեմն իր փամփուշտները վերջացած են եղել»:
Հարձակման օրը Ռոբերտը կապ է տվել: Ընդ որում՝ կապ է տվել ոչ թե ռադիոապարատի, այլ բջջային հեռախոսի միջոցով: Հարազատների տեղեկություններով ռադիոկապի հետ խնդիր է եղել:
«Վերջին զանգը եղել է 6.38-ին, տղերքին ասել է՝ տղերք հասեք, սրանք վրա են տալիս, սպասել է օգնության, հույս է ունեցել, որ ուր որ է կհասնեն, կռիվ է տվել: Կարող է կես ժամ ավելի կռիվ տար ու գային հասնեին»,- նշեց հարազատները, բայց փամփուշտներն ավարտվել են: Ռոբերտն այլ տարբերակ չի ունեցել, քան հերոսաբար զոհվելը, իսկ նա կարող էր ապրել:
Ռոբերտ Աբաջյանը մի քանի ժամ կռիվ է տվել՝ իրեն թվաքանակով գերազանցող հատուկ ջակատայինների հետ, հետո փամփուշտներն ավարտվել են, զգալով, որ հառակորդն իրեն գերի կվերցնի, ցույց է տվել, թե հանձնվում է, մի քանի ադրբեջանցի զինծառայողներ մոտեցել են իրեն, ինքը նռնակը հանել է և պայթեցրել:
Ասես հրեշտակ լիներ…
Ռոբերտի մասին պատմությունն ավարտում ենք այն դրվագով, որից ամեն ինչ սկսվեց. «Ես նրա ծնվելուց եմ միայն զգացել, որ մայր եմ դարձել, մեծ տղաս, որ ծնվեց, ես քսանմեկ տարեկան էի, երևի թե շուտ էր շատ, այդ զգացողությունը չեմ ունեցել, բայց ինքը, որ ծնվեց ես այդ ժամանակ զգացի, որ մայր եմ: Նա այնքան սիրուն տղա էր, ասես, հրեշտակ լիներ»,- արցունքը հազիվ զսպելով ասում է մայրը:
Ռոբերտը մահացավ 19 տարեկան հասակում, եթե ապրիլյան չորսօրյա պատերազմը չլիներ, եթե խաղաղություն հաստատված լիներ սահմանին, նա կշարունակել զբաղվել իր սիրած աշխատանքով՝ ատամնաբուժությամբ, կշարունակել օգնել հարազատներին ու հարևաններին, մի օր կրկին մեքենան բակից «կփախցներ», կերթևեկեր շատ՝ իհարկե անվտանգ, առանց խախտումների, նա սիրում էր մեքենա վարել: Նա ուզում էր ապրել:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net