Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Ս.Մնոյանի նախագահությամբ է քննվել «Աշտարակի ԲԿ»-ի բժիշկների անուշադրության հետևանքով մահացած քաղաքացու գործը:
Ամբաստանյալ Անդրանիկ Դավթյանն աշխատել է «Աշտարակի» բժշկական կենտրոնում որպես վիրաբուժական բաժանմունքի բժիշկ-վիրաբույժ, Վանանդ Թորոսյանն էլ իրականացրել է բժշկական օգնություն և սպասարկում նույն բժշկական կենտրոնում:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Դավթյանին և Վանանդ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2013թ. նոյեմբերի 2-ին, գտնվելով հերթապահության մեջ, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ և դրսևորել անփույթ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած ձախ թոքամզային և որովայնի խոռոչներ թափանցող ձախ թոքի, ստոծանու և փայծաղի վնասումով բուժօգնության դիմած Արթուր Պապյանի մահը:
Տվյալ բուժհաստատությունում չի իրականացվել հնարավոր գործիքային և լաբորատոր հետազոտություններ (կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, արյան հետազոտություն և այլն):
Հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում դատարանը վճռել է Անդրանիկ Դավթյանին և Վանանդ Թորոսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման համապատասխանաբար ՝ 3տարի, 2 տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
ՀՀ քր.օր-ի 70 հոդ. կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել. Անդրանիկ Դավթյանի համար սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով, Վանանդ Թորոսյանի համար՝ 1 տարի ժամկետով:
Նշենք, որ վճիռը բողոքարկվել է Քրեական վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու ու ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու խնդրանքով:
Զ. Մանուչարյան