Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Ըստ ԱԽ-ի որոշման՝ նա «արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութություն» է թույլ տվել: Համապատասխան միջնորդությամբ ԱԽ էր դիմել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ըստ նախարարի՝ դատավորն իր վարույթում ընդունել է հայցադիմում, այն դեպքում, երբ առկա էր հայցադիմումը վերադարձնելու օրենքով նախատեսված հիմքը: Նշվում է խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը:
Նախապատմությունը հետևյալն է՝ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության` պահանջելով «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության 28.03.2014թ. հայտարարությունը` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ, ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը: Հայցադիմումում նշվել է, որ ի ապահովումն պայմանագրային պարտավորությունների կատարմանª որպես ֆինանսական երաշխիք վճարվել է 250.000 ԱՄՆ դոլար: Հայցադիմումին կից ներկայացվել են թիվ 000080 և թիվ 000081 վճարման հանձնարարագրերի անդորրագրերը` յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ: Դատարանը 21.04.2014թ. որոշմամբ վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը, և գործը նախապատրաստվել է դատաքննության:
Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը դատարանում ներկայացրել է «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի: Քաղաքացիական գործում բացակայել են ապացույցներ, որոնք կհավաստեն վերջիններիս մոտ համապատասխան լիազորության առկայություն հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնելու համար: Դատարանի 22.05.2014թ. որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է մասնակի և 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:
Արդարադատության խորհուրդը գտել է, որ դատավոր Ռ. Ափինյանը, թույլատրելով «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի, ներկայացնել թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը` առանց նման լիազորության առկայության, ինչպես նաև 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնելով քաղաքացիական գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից ԱԽ-ն որոշել է դատավորին հայտարարել նախազգուշացում: