Բանկի աշխատակցուհին վարկառուներից հափշտակել է ավելի քան 7 մլն դրամ. գործով 51 տուժող կա

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակչուհի Օլգա Ավագյանը, աշխատելով «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղում` որպես հաշվապահության մասնագետ, ի պաշտոնե ունեցել է կանխիկ գումարների մուտքագրման, վարկերի և տոկոսների մարման փաստաթղթերի տպման, ստորագրման և դրոշմակնքման լիազորություններ, վարկառուներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա, օգտվելով այն հանգամանքից ,որ վարկառուները ճանաչում են իրեն որպես բանկի երկար տարիների աշխատակցի ` Օլգա Համբարձումյանը իրեն ամրակցված համակարգչում ստեղծել է բանկի կողմից չշահագործվող, ակնհայտ կեղծ վճարման անդորրագրի ձև պարունակող էլեկտրոնային ֆայլ: Որից հետո` 2013 թվականի փետրվար ամսից մինչև նույն տարվա հունիս ամիսը ներառյալ, մասնաճյուղի թվով 51 վարկառուների կողմից բանկում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց հատկացված վարկերի գումարների մարում կատարելու ժամանակ, դրամարկղ մուտքագրելու նպատակով, ստացել է գումարներ, սակայն չի մուտքագրել նրանց հաշվեհամարներին: Վճարում կատարողների մոտ վճարումը կատարված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, Օլգա Համբարձումյանը իր համակարգչից  տպագրել և տվել է վճարված գումարի չափը պարունակող կեղծ անդորրագրեր ու նշված եղանակով, խաբեությամբ հափշտակել է վարկառուների կողմից վճարված, ընդհանուրը 7.146.100 ՀՀ դրամ գումարը` նրանց պատճառելով գույքային վնաս:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ: Գործով եղել է 51 տուժող. Օլգա Համբարձումյանի համար որպես խափանման միջոց նշանակվել է ստորագրությամբ չհեռանալը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վճռել է Օլգա Համբարձումյանին դատապարտել  ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, նաև Օլգա Համբարձումյանից  հօգուտ Արդշինբանկի բռնագանձել 6.778.624 ՀՀ դրամ:

Գործը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարանում, պաշտպանը պահանջել է իր պաշտպանյալին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդ. 3մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Օլգա Համբարձումյանին ճանաչել անմեղ:

Վերաքննիչ դատարանը վճռել է  մերժել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել