Սույն թվականի հուլիսի 1-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ:
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր գրանցված մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության և դրանք նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը, այս մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանությունը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ զեկույցներ ունեցան նաև վաշտի, դասակի և ջոկի հրամանատարները:
Ճանապարհային ոստիկանության պետը, մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ճանապարհատրանսպորտային պատահարները, նախանշեց այն հիմնական միջոցառումները, որոնք կարող են կանխարգելել դրանք՝ հատուկ կանգ առնելով պրոֆիլակտիկ բացատրական, քարոզչական և կանխարգելիչ աշխատանքներին:
Ճանապարհային ոստիկանության ծառայողներին փոխանցելով մարմնական վնասվածքների առաջացմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի խիստ մտահոգությունները՝ ճանապարհային ոստիկանության պետը հրապարակեց ոստիկանության պետի ցուցումը՝ 4 ճանապարհապարեկային վերակարգերի ընդգրկմամբ շաբաթական չորս տարբեր օրերի և ժամերի, փոփոխական հարաբերակցությամբ հանրապետության տարբեր ճանապարհահատվածներում իրականացնել ստուգայցեր:
Ճանապարհային ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրեց ոստիկանության պետի ցուցումը՝ ուժեղացնել ծառայությունը հանգստյան գոտիների մերձակա ճանապարհահատվածներում, անզիջում գտնվել հատկապես անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների և սահմանված արագությունը գերազանցող վարորդների նկատմամբ, հակառակ դեպքում՝ ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարող և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ոչ բավարար ցուցանիշներ արձանագրած պատասխանատուները կհեռացվեն զբաղեցրած պաշտոններից:
Լուսանկարը` police.nkr.am-ի