Երեկ ՀՀ-ի նախագահը հայտարարել է,որ էլեկտրաէներգետիկայի ոլորտում միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին:
Հարցի վերաբերյալ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Իրավաբան.net -ի հետ զրույցում ասաց, որ այն հող է նախապատրաստում, որպեսզի որոշումը կասեցվի, եթե իհարկե ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ չեն դնում:
Նրա խոսքով` անկախ աուդիտի անցկացումից հետո պետք է սկսվի դատական պրոցես ,որը կքննի աուդիտի արդյունքում երևան եկած չարաշահումները և կեղծիքները: Ա. Բախշյանը նաև գտնում է, որ պետք է կազմվի փաստաբանների խումբ, որը դատարանում կպաշտպանի Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերը ,որպեսզի ամենն իրականացվի առավելագույնս բաց և թափանցիկ:
Անահիտ Բախշյանը գտնում է ,որ աուդիտի անցկացման որոշումը ուշացած է. «Ժողովրդի պահանջը մեկն է` կասեցնել որոշումը:Իսկ թե ինչ է ուզում իշխանությունը, գուցե նրանք խաբելով են փորձում ցրել ցույցը , հանդարտեցնել ժողովրդին և բացել Բաղրամյան պողոտան, բայց նրանց համար նաև դժվար չէ երկրորդ անգամ ջրցան մեքենայով ցրել ցույցը»:
Անահիտ Բախշյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը ավելի շատ կօգնի՞, թե՞ կվնասի գործին, որովհետև հստակ չէ իշխանությունների նպատակը:
Լաուրա Մամյան