Ավարտվեց Վենետիկում ընթացող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր Հանձնաժողովի Բյուրոյի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը,հայտնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը ։
Վերջին օրը՝ հունիսի 20-ին, քննարկման առարկա դարձավ Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18-ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրյակին կայացած Հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից եւ փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում եւ, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։
Քննարկումների արդյունքում Հանձնաժողովը հավանություն տվեց Բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում է Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։