Ընկերություններին ֆինանսապես առողջացնելու նոր մեխանիզմներ են մշակվում «Սնանկության մասին» օրենքով

Սնանկ ճանաչված ընկերություններին կործանման տանելու փոխարեն պետք է հնարավորություն տալ ոտքի կանգնել` սա բխում է և պարտատիրոջ, և պարտապանի շահերից:  «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու վերաբերյալ նախագծի նպատակը հենց ֆինանսապես առողջացման երաշխիքների ներդրումն է:

«Ինչպես գիտեք, պրակտիկայում սննակության գործերը ավարտվում են նրանով, որ լուծարվում են ընկերությունների գործունեությունը, ուստի այդ խնդրի լուծման համար որոշակիորեն փորձել ենք բարելավել ֆինանսական առողջացման նորմերը` հնարավորություն տալով ավելի երկար ժամկետներ տալ ֆինանսնսկան առողջացման ծրագիր իրականցման համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է փաստաբան Կարապետ Բադալյանը, ով նաև օրինագծի մշակման աշխատանքներին մասնակցող փորձագետներից է:

Ոլորտի մասնագետները նշում են, որ սնանկ ճանաչվելուց հետո ընկերության լուծարումը կանոն է դարձել: «Սնանկությունների գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության տնօրեն Խաչատուր Ղահրամանյանն իր պրակտիկայում եզակի դեպքեր է հիշում, երբ սնանկ ճանաչված ընկերությունները ֆինանսապես առողջանալու ծրագրեր են ներկայացրել:

 «Ներկայումս գործող օրենքի տեսանկյունից առոջղացման ծրագիրը  3 տարի է, և շատ դեպքերում տնտեսվարող սուբյեկտները հնարավարություն չեն ունենում այդ ժամկետներում իրականացնել իրենց իրավունքները: Որովհետև գիտենք, որ ճգնաժամ կա տնտեսական: Եվ այդ առումով ժամկետների երկարաձգումը շատ ողջունելի է և հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով առողջացման ծրագիր ներկայացնելու»,- ասաց Խ. Ղահրամանյանը:

Կարապետ Բադալյանը նշում է, որ հատուկ երաշիքներ են մշակվել առողջացման ծրագիրը ֆինանսավորողի համար. պարտապանին ֆինանասավորում տրամադրողը գրանցվում է որպես պարտատեր և նրա պահանջը բավարարվում է առաջնահերթ. « Մեր օրենքը նախատեսում է, որ հնարավոր է պարտապանի ֆինանասական առողջացման ծրագրի ընթացքում վարկավորում իրականացի, սակայն որևէ երաշխիք չի տալիս այդ ֆինանսավորողների համար: Մենք փորձեցինք այդ խնդիրը լուծել, քանի որ շատ մեծ ռիսկի է դիմում ֆինանսավորողը, երբ սնանկության վարույթում գտնվող կազմակերպությանը փորձում է ֆինանսավորել»:

Խաչատուր Ղահրամանյանը թեև ողջունելի է  համարում օրենքում փոփոխությունների նախագիծը, այնուամենայնիվ նկատում է, որ կան նաև խնդիրներ: Մասնավորապես` խոսքը վերաբերում է  ընկերությանը սնանկ ճանաչելու վճիռը հետաձգելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի կողմից դատարանին ներկայացվող դիմումների ժամկետներին. այդ սեղմ ժամկետներում հնարավոր չէ պարտավորությունը կատարել:

Օրինագծի նախաձեռնողները սակայն նշում են, որ հանրությանը ներկայացված է նախագծի աշխատանքային տարբերակը և քննարկումների ընթացքում դեռևս լրամշակումներ կարվեն:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել