ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր ձեռք բերելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ին, իր անձնական օգտագործման համար, հանձնուքի միջոցով, փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափերով՝ 4,41 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի և առանձնապես խոշոր չափերով՝ 9,6 գրամ հաստատուն քաշով, ացետիլացված ափիոն տեսակի, տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցներ։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:
Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ դատապարտյալի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ դրանք հայտնաբերվել ու վերցվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ հանձնուքների ընդունման կետում կատարված զննությամբ:
Բացի այդ, նույն դատապարտյալի կողմից փորձ է արվել ձեռք բերել զգալի չափերով տրամադոլ տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, ինչը 2015 թվականի մարտի 2-ին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ հանձնուքների ընդունման կետում դատապարտյալի համար նախատեսված հանձնուքի զննությամբ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթն և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Դատապարտյալին թմրամիջոց և հոգեմետ նյութ իրացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: