Նոր հանգամանքներ են պարզվել Բաղրամյան փողոցի պայթունի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի  պայթյունի հետևանքով 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: 

2015թ. հունիսի 16-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի՝ դեմքին պատռած վերքերով:

ՔԿ-ից հաղորդում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015թ. հունիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանված, Ա.Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան։

Արդյունքում  տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 1994թ. ծնված Գ.Թումոյանը: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև  թիվ 60 շենքի մուտքի ընդհանուր օգտագործման, ինչպես նաև՝ բնակարանների ապակիները։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, անզգուշությամբ առաջացրել մարդու մահ):

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատանյութագիտական, դատաքրեագիտական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, ինչպես նաև կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել