Եթե կարմիր գծերում կայանել եք ու մեքենան վնասվել է, չեք կարող պահանջ ներկայացնել քաղաքապետարանի դեմ. փաստաբանը խնդիրների մասին

Վճարովի ավտոկայանատեղիները՝ նշագծված կարմիր գույնով չեն ապահովում քաղաքացիների մեքենաների ապահովությունը: Փոխանցեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Եթե վնաս է պատճառվել, ում ենթակայության տակ է գտնվում այդ տարածքը, կարծում եմ, որ պետք է նաև պահպանության ծառայություն մատուցի, որպեսզի մարդիկ իմանան, որ վճարում են պահպանության ծառայության համար և նրանց մեքենաները ապահովված են»,- ասաց փաստաբանը:
Ինչևէ, եթե կայանել եք ու չեք վճարել գումարը, վարչական իրավախախտում է որակվում. «Այսինքն՝ ինքը դիտարկվում է որպես զանցանք, դա նույնպես իրավական խնդիր է, որովհետև ստացվում է ավտոկայանատեղիի համար չվճարելն, ինքնին, իրենից ներկայացնում է հանրորեն վտանգավոր բնույթ, ստացվում է՝ եթե ավտոկայանատեղիի համար չես վճարել, ուրեմն հանրորեն վտանգավոր արարք ես կատարել, որը իրատեսական չի»,- նշեց մեր զրուցակիցը:

Հաջորդ խնդիրը տուգանքի չափն է, անձը կայանում է մեկ ժամ, չի վճարում 100 դրամ, սակայն տուգանվում՝ հիսունապատիկի չափով. «Այս հանգամանքը նույնպես համաչափության սկզբունքների մեջ չի տեղավորվում»:

Հաջորդ կարևորագույն հարցը գաղտնիության ապահովումն է: Ստացվում է, որ քաղաքացի-վարչական մարմին հարաբերություններում հանդես է գալիս նաև մասնավոր կազմակերպություն, որովհետև «Parking City Service» ընկերությունն է արձանագրում վարչական իրավախախտումը, որից հետո համապատասխան մարմինը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, կայացնում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում. «Հարց է առաջանում՝ ապահովվում է գաղտնիությունը, թե՝ ոչ, որովհետև նրանք նկարահանում են համապատասխան մեքենան, բնականաբար, թե ով է երթևեկել, որտեղ է կայանել ու ում հետ է նստած և այլն, արդյոք այդ ինֆորմացիայի գաղտնիությունը մասնավոր կազմակերպությունը ապահովվում է: Որևիցե տեղ գրված չի և այդ սկզբունքն ամրագրված չէ, որ նա պարտավոր է դա անել»,- նշեց պարոն Կիվիրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել