Սպա Արմեն Ավանեսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 19-ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ)։
Ամբաստանյալի իրավունքները վերաքննիչ դատարանում պաշտպանել են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը:
«Անձը, որին իբր ծեծել էր մեր պաշտպանյալը՝ Արմեն Ավանեսյանը նույն դատավճռով դատապարտվել էր Արմեն Ավանեսյանին ծեծելու համար»,- Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց Արմեն Ավանեսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նա նշեց. «Գործի փաստական հանգամանքներն ակնհայտ վկայում էին այն մասին, որ Արմեն Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, որովհետև հարձակվել էր եղել զինվորը, նա եղել էր գինովցած: Բոլոր ապացույցներով կար, որ զինվորը մեկ անգամ հարվածել է նրան, բռնել օձիգից, շարունակաբար փորձել հարվածել, միայն ազատվելու համար մեկ անգամ մեր պաշտպանյալն էր հարվածել»:
Պարոն Վարոսյանը նաև շեշտեց, որ առաջին ատյանում դատաքննությունն ընթացել է խախտումներով. «Դատարանը որոշում էր կայացրել հրապարակել մյուս ամբաստանյալի ցուցմունքները, որոնք սակայն, ըստ էության, չէին հրապարակվել, որովհետև քննիչի ձեռագիրը եղել էր դժվարընթեռնելի, ինչքան էլ զարմանալի չլինի՝ դատավարության բոլոր մասնակիցների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ, դատավորն ընթերցել էր մեղադրական եզրակացությունից ցուցմունքին վերաբերող հատվածն ու դա էլ դրել էր մեղադրանքի հիմքում: Ըստ էության՝ մարդը դատապարտվել էր, սակայն ո՛չ դատարանը, ո՛չ էլ դատավարության մյուս մասնակիցներն այդպես էլ չէին կարդացել այն ապացույցը, որի հիման վրա դատապարտում են անձին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանում այս ամենն ի հայտ է եկել, ընթերցվել է ցուցմունքը, որից պարզ է դարձել է, որ անհրաժեշտ պաշտպանության հետ գործ ունեն դատավարության մասնակիցները:
Այսօր հրապարակվել է Վերաքննիչ դատարանի որոշումը, Արմեն Ավանեսյանն արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել: