ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ`Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն անձի գործողություններից տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմին են դիմել այլ անձինք ևս և ներկայացրել գրավոր հաղորդում` ՌԴ մեկնելու, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով Աստղիկ Աբաջյանի կողմից իրենցից գումարներ հափշտակելու վերաբերյալ։
Ըստ աղբյուրի` քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աստղիկ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված կնոջ գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: