Օտարերկրյա պետհամարիշով մեքենաների վարորդներին իրավախախտման մասին ծանուցելու հետ կապված խնդիր կա

Հունիսի 9-ին ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ ահազանգներ է ստանում, որ մայրաքաղաքում և մարզերում արտասահմանյան համարանիշներով մեքենաների անխոչընդոտ խախտում են երթևեկության կանոնները: Այս նույն խնդրի մասին պատգամավորն այսօր բարձրաձայնեց ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նախ նշեց, որ վերջին տարիներին ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ-ում գտնվող տրանսպորտային միջոցների քանակային փոփոխություն տեղի չի ունեցել. «Այսինքն՝ ունենք այն ինչ ունեցել ենք»,- հավելեց պարոն Մանուկյանը:

Նա շեշտեց, որ օտարերկրյա պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները գտնվում են որոշակի վերահսկողության ներքո. «Մասնավորապես Ճանապարհային ոստիկանության վերահսկողության տակ, օրենսդրության սահմանված կարգով կազմվում են արձանագրություններ, եթե կա խախտում, ապա տուգանվում են վարորդները»:

Այնուամենայնիվ, նախարարն արձանագրեց, որ առկա է խնդիր՝ կապված ծանուցման հետ, երբ իրավախախտումն արձանագրվել է տեսախցիկների և արագաչափերի կողմից. «Այն 2014թ.-ից է հայտնվել կառավարության ուշադրության կենտրոնում, անցյալ տարվա վերջին առաջարկվել է կարգավորել խնդիրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները լուծում են մաքսակետում, դուրս գալուց այս մեքենայի վարորդները պետք է ծանուցվեն: Համապատասխան աշխատանքային խումբն առաջարկել է, որ մենք կարողանանք ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՃՈ էլեկտրոնային համակարգի բազաները համակցել, որպեսզի տրանսպորտային միջոցը դուրս գալիս ծանուցվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մինչև այս տարվա երրորդ եռամսյակ խնդիրը կլուծվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել