Դանակահարություն՝ ծննդյան արարողության ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ծննդյան խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու և տուժողի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

2014 թվականի հուլիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թվականին ծնված Խ.Գրիգորյանը` «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (ծանր մարմնական վնասի պատճառում):

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տղամարդը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն օրը խորտկարանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։ Խնջույքը կազմակերպվել էր խորտկարանի վարձակալների՝ ամուսիններ Մ.Մուրադյանի և Գ.Մարտիրոսյանի կողմից՝ նշելու վերջինիս ծննդյան 21-րդ տարեդարձը։ Խնջույքի ժամանակ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Խ.Գրիգորյանին դանակի գործադրմամբ պատճառվել է մարմնական վնասվածք։

Տուժողը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել խորտկարանի վարձակալը՝ Մ.Մուրադյանը, ով ներգրավվել էր որպես կասկածյալ և ձերբակալվել, սակայն քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ իրականում տղամարդուն դանակով հարվածել է Մ.Մուրադյանի կինը, ում ծննդյան տարեդարձը նշում էին խորտկարանում։

Մ.Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննության ընթացքում տուժողի կողմից Մ.Մուրադյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ նյութերի հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ, և Խ.Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Այս մասով ևս նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել