Ոստիկանության աշխատակիցները բնակարանի գողության փորձի դեպքը թաքցրել են հաշվառումից. ՀՔԾ

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Քնարիկ Հ.-ն ահազանգ է տվել ոստիկանության Կոտայքի բաժին այն մասին, որ նույն օրը անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դռան երկու փականներից մեկը, իսկ մյուս փականը չի կարողացել բացել՝ հարմարեցված բանալին կոտրելով փականի միջուկի մեջ:

Հատուկ քննչական ծառայությունից Իրավաբան.net-ին հաղորդում են, որ ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Քնարիկ Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել