Վարորդը վստահեցնում էր, որ տուգանքը ստանալիս մեքենայում ինքը չի եղել

Արիստակես Սիսակյանը հայցադիմում է ներկայացնել ՀՀ Վարչական դատարան` հայտնելով, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության 2013 թվականի առավելագույն արագությունը գերազանցելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 30.000 ՀՀ դրամի չափով, որը նախատեսված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հայցվորը պնդել է, որ կայացված որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ իրավախախտման պահին մեքենան վարել է այլ անձ: Մատնանշելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 9-րդ, 32-րդ, 279-րդ հոդվածները և ՀՀ Սահմանադրական դատարանի 12.10.2010 թվականի ՍԴՈ-920 որոշումը հայցվոր կողմը պնդում է, որ վարչական իրավախախտման համար պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, ով մեղավոր է այն կատարելու մեջ: Մինչդեռ, նկատի ունենալով, որ ինքը չի վարել տվյալ մեքենան խախտումն արձանագրելու պահին, գտնում է, որ ենթակա չէր վարչական պատասխանատության:

Ըստ դատարանի` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է, որ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Վերը նշված իրավանորմով օրենսդիրը, հաշվի առնելով տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված վարչական իրավախախտումների վարույթի առանձնահատկությունն առ այն, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հնարավոր չէ հստակորեն պարզել, թե ով է տվյալ պահին վարում ավտոմեքենան, սահմանել է ընդհանուր կանոն. վարչական պատասխանատվության է ենթակա տրանսպորտային միջոցի սեփականատերը (ֆիզիկական անձի դեպքում): Սակայն, հաշվի առնելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված պատասխանատվությունը մեղքի համար սկզբունքը (այս սկզբունքը ճանաչել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` իր 12.10.2010 թվականի ՍԴՈ-920 որոշմամբ), նախատեսել է բացառություն առ այն, որ եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը ապացուցի, որ խախտումը կատարել է այլ անձ, ապա նա ենթակա չի լինի պատասխանատվության:

Միաժամանակ, դատարանը նկատել է, որ վարույթի մասնակիցն օբյեկտիվորեն զրկված է իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը վարչական վարույթի շրջանակներում ապացուցելու հնարավորությունից:

Դատարանը նշել է, որ պատասխանողը ոչ միայն չի վիճարկել տվյալ փաստը, այլև հայցադիմումի պատասխան ընդհանրապես չի ներկայացրել:

Վերը նշված նորմից հետևում է, որ եթե կողմը չի վիճարկում մյուս կողմի վկայակոչած փաստը, իսկ դատարանը չի համարում, դրա ապացուցումն անհրաժեշտ է, ապա այդ փաստը համարվում է ապացուցված:

Այս ամենը հաշվի առնելով դատարանը վճռել է Արիստակես Սիսակյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության տուգանքի որոշումը, բացի այդ դատարանը վճռել է ՀՀ ՃՈ-ից ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախատեսված և հայցվորի կողմից նախապես չվճարված պետական տուրք:

ՃՈ-ն վճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում: Վարչական վերաքննիչ դատարանը իր որոշումը կհրապարակի մայիսի 27-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել