Կառավարությունն իր նախօրեի նիստում հավանության է արժանացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ այն պայմանավորելով «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայի և ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով:
Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքում ամրագրել խոշտանգման հետևյալ ձևակերպումը.
«Պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն հարկադրելու կամ կատարումից ձեռնպահ մնալու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով»:
Սրանով պայմանավորված՝ ՔրՕր-ի գործող 119-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դադարում է խոշտանգում լինելուց, և կառավարությունն առաջարկում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք» ձևակերպումն ենթարկել Կոնվենցիայի 1-ին հոդվածից բխող որոշակի փոփոխության:
Արդյունքում՝ ՔրՕր-ի գործող 119-րդ հոդվածը՝ «Խոշտանգումը», առաջարկվում է վերանվանել «Ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը», իսկ գործող օրենսգիրքը լրացնել «Խոշտանգումը» վերնագրով 309.1-րդ հոդվածով` խոշտանգման կոնվենցիոն հատկանիշներն արտացոլող բովանդակությամբ:
Կառավարության հիմնավորմամբ՝ այս պարագայում կոնվենցիոն իմաստով խոշտանգման առանձնահատկություններն ակնհայտորեն կտարանջատվեն մասնավոր անձանց միջև կատարվող միևնույն արարքներից. 309.1-րդ հոդվածում կշեշտվի հատուկ սուբյեկտը, այն է՝ պաշտոնատար անձը կամ ի պաշտոնե հանդես եկող անձը, և արարքի հատուկ նպատակը՝ սահմանելով արարքի վտանգավորության աստիճանին համապատասխան առավել խիստ պատասխանատվություն: