Անհատ ձեռնարկատիրոջ հիմնական նպատակը շահույթ ստանալն է

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: Այս մասին ասվում է «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում:
«Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով»iravaban.net-ի հետ զրույցում նշում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Անհատ ձեռնարկատեր չի կարող հաշվառվել սնանկ ճանաչված այն ֆիզիկական անձը, որը դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Իրավաբանի խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր:
Անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես ֆիզիկական անձ ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել