Կալանավայրում անմարդկային վերաբերմունքի արժանացած քաղաքացին հաղթել է Հայաստանին Եվրադատարանում

53-ամյա Արտաշես Դավթյանը Մարդու իրավունքների Եվրոապական դատարանում հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: Կալանավայրում անմարդկային, կյանքի համար վտանգավոր պայմաններում պահելու համար, Եվրադատարանի վճռով, Հայաստանի Հանրապետությունը 9 հազար եվրո կփոխահատուցի Արտաշես Դավթյանին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա. Դավթյանի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Համաձայն այսօր հրապարակված ՄԻԵԴ վճռի, երևանաբնակ 1962 թվականին ծնված Արտաշես Դավթյանը 2003 թվականի մարտի 31-ին ձերբակալվել է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու կասկածանքով: Եվ մինչ դատավարության ավարտը` 3 տարի 3 ամիս Դավթյանը գտնվել է կալանքի տակ, որն ընտրված էր որպես խափանման միջոց:

Արա Ղազարյանը հայտնեց, որ Եվրադատարանը համարել է, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածը` անմարդկային վերաբերմունք է դրսևորվել:

Գանգատաբերը բացի բարոյական վնասը նաև պահանջ է ներկայացրած եղել նյութական վնասի փոխահատուցման, սակայն այս մասով դիմումն ամբողջությամբ մերժվել է. «Կալանավայրում կրած նյութական վնասները փաստաթղթերով ապացուցելը շատ դժվար է, հատկապես երբ խոսքը վերաբերում է այդ տարիներին»,- ասաց Ա. Ղազարյանը:

Նա պատմեց, որ Արտաշեսը ձայնալարերի վրա ուռուցք  է ունեցել և սպազմի ժամանակ, երբ շունչը սկսել է կտրվել, հաճախ գիտակցությունը կորցրել է հենց խցում, օգնության հասել են խցակիցները: «Նրան շտապ մասնագիտացված օգնություն էր պետք, որը կալանավայրը չէր ապահովում, որովհետև չուներ այդ ինստիտուցիոնալ հնարավորությունը: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Եվ եթե չուներ այդ հնարավորությունները, ապա պետք է խափանման այլ միջոց ընտրվեր»,- ասաց Արա Ղազարյանը:

Իրավաբանի խոսքով, նույնիսկ նրա հիվանդությունը եղել է  կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում անձը կալանքի տակ չի կարող պահվել:

«Այդ համապատասխան պայմանները չկային նաև «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան մասնագիտացված խնամք և բուժում էր անհրաժեշտ քաղաքացիական հիվանդանոցում: Ճիշտ է դրսից բժիշկ այցելում էր, դեղեր էր նշանակում, սակայն երբ գիտակցությունը կորցնում էր, մինչև բժիշկը գար, րոպեների հարց էր, կարող էր մահանալ: Եղել են դեպքեր, երբ ներարկումը արել են խցակիները»,- պատմեց Ա. Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ այս որոշմանը սպասել են 8 տարի, և նույնիսկ Արտաշեսը մոռացած է եղել այս գործի մասին: ՄԻԵԴ-ում գանգատը ներկայացնելու համար Արա Ղազարյանի հետ միասին աշխատել է նաև փաստաբան Լուսինե Սահակյանը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել