Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի Արարատի ավագ և Դիմիտրովի միջնակարգ դպրոցներ՝ հետևելու ավարտական միջոցառումներին:
Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։
«Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ և մուտք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ դպրոցում ստացած գիտելիքներն ու արժեքները կօգնեն հաղթահարելու այդ դժվարությունները և վստահորեն շարժվելու առաջ։ Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը թող դառնա ձեր կյանքի ամենաուրախ և հիշարժան օրերից մեկը: Այն անցկացրեք այնպես, որ ամեն ակնթարթ դառնա լավագույն հիշողությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել ավարտական և ընդունելության քննություններում:
ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ուսումնական հաստատությունների աշխատակազմերին անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։
Նշենք, որ համաձայն Կրթության կառավարման տեղակատվական համակարգում առկա տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ։




