Անձի լռելու իրավունքը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22–րդ հոդվածում, որի համաձայն` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ։ Իր վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իրավունքը քրեական դատավարությունում անձի իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքներից է։
Այս իրավունքն ունի անգնահատելի կարևորություն, քանի որ նպատակ ունի բացառելու ազատությունից զրկված անձնաց վրա ճնշումները կամ պարտադրանքը խոսելու կամ անելու այն, ինչ նա չէր անի կամովին։ Լռություն պահպանելու իրավական հնարավորությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ Գերագույն դատարանի «Միրանդան ընդդեմ Արիզոնայի» գործի շրջանակներում։ Մասնավորապես, ըստ դատարանի այս իրավունքը չի սահմանափակում պարզապես անձին տեղեկացնելով դրա մասին, այլ ոչ պակաս կարևոր է պարզաբանումը, որ այն, ինչ անձը կասի, կարող է և պետք է օգտագործվի նրա դեմ դատարանում։ Այսինքն, անձի կողմից լռություն չպահպանելը, կարող է հանգեցնել իր համար ոչ ցանկալի հետևանքների։
Անձի լռելու իրավունքը գործող քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը` ելնելով ՀՀ Սահմանադրության 92–րդ հոդվածով իրեն վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթից` իր նախադեպային որոշումներում սահմանել է, որ ազատությունից զրկված անձի նախնական իրավունքներից է հանդիսանում անձի լռելու իրավունքը, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից պարտադիր կերպով ենթակա է պարզաբանման։
Չնայած որ այն ուղղակիորեն նախատեսված չէ նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայում, սակայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայում մեղադրյալի լռության և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը դիտվում է որպես արդարացի դատական քննության իրավունքի և անմեղության կանախավարկածի բաղադրիչներ (6–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասեր)։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ թեև լռության և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքները Կոնվենցիայի 6–րդ հոդվածում ուղղակիորեն նախատեսված չեն, այնուամենայնիվ դիտվում են որպես 6–րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հասկացության հիմքում ընկած համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային չափորոշիչներ։ Դրանց էությունն է ապահովել մեղադրյալի պաշտպանությունը պետական իշխանության անհիմն հարկադրանքից։
Հենց այդ գաղափարախոսությունից դրդված է, որ ներկայումս Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում գտնվող նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ինկորպորացրել իր մեջ անձի լռելու իրավունքը և 110–րդ հոդվածի 2–րդ մասում սահմանել, որ մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը` ձերբակալված անձն ունի լռելու իրավունք։
Հանրային թղթակից՝ Առնոլդ Վարդանյան