Դատապարտյալը հացադուլ է անում` պահանջելով իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել դատապարտյալ Հակոբ Նազարյանը: Այս մասին տեղեկացրեց դատապարտյալի մայրը` Կիմա Կակոյանը:

Նա հաղորդեց, որ իր որդին հոգեկան հիվանդություն ունի, 3 ամիս առաջ տեղափոխվել էր դատապարտյալների հիվանդանոց, սակայն հունվար ամսին դուրս է գրվել. «Նա չի կարող մեծ տարածքում բազմաթիվ մարդկանց մեջ դիմանա: Նա հացադուլ է հայտարարել` պահանջելով վերանայել իր գործը, ինչպես նաև իրեն տեղափոխել դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոց»,- նշեց դատապարտյալի մայրը:

Հավելենք, որ Հակոբ Նազարյանը 2012թ. դատապարտվել է մի շարք գողություններ կատարելու համար:

Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Հակոբ Նազարյանը դատապարտյալների հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 20-ին. «Նա տեղափոխվել է ընդհանուր խուց: Բժիշկները գտել են, որ կարող է այնտեղ էլ շարունակել բուժումը, այս պահին դատապարտյալը ստացիոնար բուժման կամ դատահոգեբուժական փորձաքննության կարիք չունի»,- նշեց պարոն Ղլեչյաը հավելելով, որ Հակոբ Նազարյանը ամսի 26-ին է հացադուլ հայտարարել` դատապարտյալների հիվանդանոց վերադառնալու ցանկությամբ:

Պարոն Ղլեչյանը ավելացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրահանգով դատապարտյալի առողջական վիճակը կստուգվի, որից հետո որոշում կկայացվի` տեղափոխել նրան դատապարտյալների հիվանդանոց, թե` ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել