«Այս իրավաբանական կազուսն առաջացել է մի պատճառով». Փաստաբանը Գյումրու դաժան սպանության գործի մասին

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը փոխանցեց, որ ՌԴ Սահմանադրությունը նույնպես վկայում է, որ իր պետության քաղաքացին չի կարող հանձնվել այն պետությանը:

Խոսելով սպանության դեպքից` նա ասաց. «Այստեղ, ընդամենը, Վալերի Պերմյակովի ձերբակալման խնդիրն է, եթե նրան ձերբակալել են ՌԴ սահմանապահները, հարց է առաջանում` այդ տարածքը, որտեղ որ նա ձերբակալվել է, արդյոք ՀՀ իրավասության ներքո տակ գտնվող տարա՞ծք է, թե՞ դա էլ ՌԴ իրավազորության ենթակա տարածք»:

Պարոն Նորիկյանը նշեց, որ նախորդ տարի նա մի գործ է ունեցել, որը ընդհանուր իրավական գծեր ունի Գյումրու սպանության հետ. «Ռուսական ռամաբազայի պայմանագրային զինծառայողի գործ էր, տեղի էր ունեցել ավտովթար, որի արդյունքում մենք ունեինք ՀՀ քաղաքացու մահ: Գործը քննել է մեր քննիչը, դատավարական հսկողություն իրականացրել է մեր զինվորական դատախազությունը, դատավճիռը հրապարակել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը»,- ասաց փաստաբանը` վստահեցնելով, որ եթե հայերը ձերբակալեին կասկածյալին, ապա նման հարցեր չէին առաջանա. «Հիմա այս իրավաբանական կազուսն առաջացել է նրա համար, որ ռուսներն են ձերբակալել Պերմյակովին»,- նշեց փաստաբանը: Նա այս ողջ գործընթացում ավելի շատ քաղաքական բաղադրիչ է տեսնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել