ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն ընտրել է տարվա լավագույն որոշումը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկա է գտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից 2014 թվականի լավագույն որոշման ընտրության արարողությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ դատական համակարգի լրատվական ծառայությունը:

Ավելի քան երեք տարի է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն ընտրում է «Տարվա լավագույն որոշում» և խրախուսում է այդ որոշումը կազմող դատավորին ու դատական ծառայողներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ելույթ ունեցավ բացման խոսքով և նշեց անցնող տարվա ձեռքբերումների ու ապագա անելիքների, ինչպես նաև ՀՀ դատական համակարգում ընդհանրապես, և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում, մասնավորապես, տեղի ունեցող սերնդափոխության մասին. «Ամեն տարի քրեական պալատում նոր աշխատակիցներ ենք ունենում, իսկ պալատի ավագ սերնդի դատական ծառայողները համալրում են դատավորների թեկնածուների ցուցակները: Դա նշանակում է, որ քրեական պալատը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, հնարավորություն է տալիս երիտասարդներին կարտարելագործելու իրենց գիտելիքները, ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալ և առաջ գնալ»:

Համառոտ ամփոփելով անցնող տարին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացվել է 1111 վճռաբեկ բողոք, ևս 100 բողոք փոխանցվել է 2013 թվականից, բողոքների ընդհանուր թիվը կազմել է 1211, որոնցով բողոքարկվել է 945 գործ:

Բերված 1211 բողոքից 73-ն ընդունվել է վարույթ, որից 55-ը բավարարվել և դատական ակտը բեկանվել է, 14-ը` մերժվել, իսկ 4-ը գտնվում է դատարանի վարույթում: Վճռաբեկ դատարանի կողմից քննված գործերի քանակը կազմում է 57:

Նշված ցուցանիշները համեմատելով 2013 թվականի ցուցանիշների հետ` Դավիթ Ավետիսյանը նշել է, որ 2013 թվականի ընթացքում 1041 գործով (96-ով ավելի) ստացվել է 1219 բողոք (8-ով պակաս), իսկ վարույթ ընդունված բողոքներով քննված գործերի քանակը կազմել է 54 (3-ով պակաս):

2014 թվականի ընթացքում երեք գործով կայացվել է արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, որի արդյունքում արդարացվել է երեք անձ: «Նախորդ տարիների ընթացքում արդարացման հիմքով նման ցուցանիշ երբևէ չի գրանցվել», – ընդգծել է Դավիթ Ավետիսյանը:

Ամփոփելով իր ելույթը` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հայտարարեց, որ 2014 թվականի լավագույն որոշում է ճանաչվել Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ին կայացված թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումը, որտեղ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարության, ինչպես նաև պատիժ նշանակելու մասով դատական ակտի պատճառաբանվածության հարցերի վերաբերյալ:

Լավագույն որոշման նախագիծը կազմած դատական ծառայողներին` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականներ Գայանե Բարսեղյանին, Անի Դանիելյանին և դատավորի օգնական Տաթեւիկ Սուջյանին հայտարարվեց շնորհակալություն: Լավագույն որոշման զեկուցող դատավորին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին հանձնվեց հուշանվեր:

Լուսանկարը՝ court.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել