Վաղը` նոյեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Էդգար Կարաքեշիշյանի և Ա․Ա․-ի գործով դատական վիճաբանությունների փուլը: Իհարկե, եթե որևէ հետաձգումներ տեղի չունենան, նախատեսվում է, որ պաշտպանական ճառով հանդես կգա Ա․Ա․-ի պաշտպան Լիպարիտ Սիոնյանը:
Վաղը դատարանի դիմաց կլինի նաև ցույց: Ինչպես Իրավաբան.net-ին փոխանցեցին ամբաստանյալի հարազատները` Ա․Ա․-ի ընկերները պաստառներով կլինեն դատարանի մուտքի դիմաց, սակայն` ոչ դատարանի մուտքի մոտ, ոչ էլ ներսում վաղը չեն լինի Ա․Ա․-ի հայրն ու մայրը, ովքեր այժմ հացադուլ են իրականացնում ՀՀ նախագահականի դիմաց:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:
Ա․Ա․-ին մեղսագրվել է հանցագործությանը օժանդակման արարք. «Իբր նա ինֆորմացիա է տրամադրել թղթով իր իր կամ ընկերոջ համակարգչից հանած: Առաջինը պետք է քննիչը իմանար, թե արդյոք նման թուղթ տպվել է, թե ոչ: Իմ ներքին համոզմամբ` նա գնացել է, արել է, տեսել, որ չկա ու այլ գործողություն չի արել: Լավ գոնե մի փաստ գտնեին, որ Ա․Ա․-ի, Էդգար Կարաքեշիշյանի և Արտաշես Գալուտսյանի հեռախոսահամարները գոնե պատահականորեն նույն տեղում իրար հետ սպասարկված լինեին, նույնիսկ այդպիսի բան չկա: Արտաշես Գալստյանի տրված միակ ցուցմունքն անթույլատրելի է ճանաչվել»,- փոխանցեց Ա․Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Լիպարիտ Սիմոնյանն ու Ա․Ա․-ի հարազատներն գտնում են, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է անարդարացի որոշում, նրանք այս ամենի հիմնական մեղավորը համարում են գործը հետաքննող քննիչին, դատախազին: Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստերից մեկի ընթացքում անգամ միջնորդությամբ եկավ դատարանին, որպեսզի այն էլ իր հերթին միջնորդի ՀՀ գլխավոր դատախազություն քննիչին ու դատախազին պատասխանատվության ենթարկելու համար:
Ա․Ա․-ի հայրը, մայրն ու եղբայրն արդեն 4 օրն է ինչ հացադուլի մեջ են: Մինչ ՀՀ նախագահականի դիմաց հացադուլ սկսելը նրան նամակներ էին հանձնել` ուղղված ՀՀ նախագահին և ԱԺ 4 խմբակցություններին: Դեռևս պատասխան չկա: Ա․Ա․-ի մոր զգացողությունը երեկ կտրուկ վատացել էր, շտապօգնություն են կանչել: Ա․Ա․-ին մայրն ու հայրը վաղը դատին չեն մասնակցի. «Մենք էստեղ ենք լինելու, բայց Աշոտի ընկերները, բարեկամներն ու հարազատները պետք է Վերաքննիչ դատարանի դիմաց խաղաղ ցույց անցկացնեն, որ մեր ձայնը հասնի դատավորներին»,- նշեց Ա․Ա․-ի հայրը` Լավրենտ Առուշանյանը, իսկ մայրը եզրահանգեց. «Մենք հուսով ենք, որ Աշոտը կգա, մեզ այստեղից կտանի»:
Հեղինակ` Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net