Առաջին ատյանի դատարանի կողմից 56 միլիոն 400 000 դրամի գողության մեջ մեղավոր ճանաչված Էդգար Կարաքեշիշյանի և Ա․Ա․-ի գործով վերաքննիչ բողոքի դատական ակտը կհրապարակվի վաղը:
Այսօր` նոյեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց դատական վիճաբանությունների փուլը: Պաշտպանական ճառը շարունակեց ամբաստանյալ Ա․Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից, իր խոսքերով` թույլ տված խախտումներին` շեշտելով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ ներգրավված և ինքնասպանություն գործած Արտաշես Գալուստյանի նկատմամբ բռնությամբ քննիչը ցուցմունքներ է կորզել:
Փաստաբանը նաև անդրադարձավ պաշտպանական կողմից ներկայացրած ապացույցների թույլատրելիության հարցին, մասնավորապես պարոն Սիմոնյանը շեշտը դրեց գործին առնչվող տեսաձայնագրությունների մոնտաժված լիելու փաստին: Իր պաշտպանական ճառում փաստաբանը Վերաքննիչ դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի որոշումը` հիմնավորելով, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, ըստ որի` Ա․Ա․-ն նպաստել է կատարված գողությանը:
Ամբաստանյալ Ա․Ա․-ն իրեն մեղավոր չճանաչեց և խնդրեց արդարացման վճիռ կայացնել իր նկատմամբ:
Մեղադրողը նշեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ենթակա չէ բեկանման. «Առաջին ատյանի դատարանի վճիռը լիովին հիմնավորված է, բոլոր ապացույցները վերլուծվել են ու գնահատվել, դատավճիռը պետք է թողել ամփոփոխ, իսկ ամբաստանյալի բերված բողոքները ենթակա են մերժման»,- ասաց դատախազը: Նա նաև շեշտեց, որ առաջին ատյանի դատարանը, անթույլատրելի ճանաչելով, հանգուցյալ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքներն ու առերես հարցաքննության արձանագրությունը, քրեադատավարական խախտում է թույլ տվել, սակայն դատախազը այդ մասով բողոք չներկայացրեց:
Ռեպլիկի կարգով Լիպարիտ Սիմոնյանը մեկնաբանեց մեղադրողի ելույթը` ընդգծելով, որ այն հիմնված էր ամբողջապես անթույլատրելի ճանաչված ցուցմունքի վրա. «Եթե չլիներ Արտաշես Գալուստյանի ցուցմունքը, ընդհանրապես իմ պաշտպանյալի անունը չէր լինի այս գործի մեջ»,- եզրահանգեց փաստաբանը:
Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը իր պաշտպանական ճառում խնդրեց անմեղ ճանաչել ամբաստանյալին: Նա նաև մեղադրեց դատարանին. «Դուք էս երկրի կարգին, կանոններին, օրենքներին չեք ուզում ենթարկվել»:
Նախագահող դատավար Կարինե Ղազարյանը, լսելով ճառերը, նշեց, որ դատարանը գնում է խորհդակցական սենյակ դատական ակտ կայացնելու համար, այն կհրապարակվի վաղը:
Հիշեցնենք` գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս: