Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լարված իրավիճակ դատարանում. ամբաստանյալի հորն ու մորը դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով դատաքննությունը:  Մինչ այդ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեկ տասնյակի հասնող միջնորդություններով հանդես եկավ: Օրինակ` դրանցից մեկով պաշտպանը խնդրում էր միջնորդել ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել` գործը քննող քննիչ Մուշեղ Ալեքսանյանի, մեղադրող դատախազի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Պարոն Սիմոնյանը հիմնավորելով իր միջնորդությունը` գործից փաստեր բերեց, որոնք, նրա խոսքերով` ապացուցում են, որ Աշոտ Առուշանյանին բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները խախտել են օրենքը, քննիչը թերություններով է իրականացրել գործի քննությունն, իսկ մեղադրող դատախազը քննիչի գործողությունների դեմ չի առարկել:

Դատարանը մերժեց այս, ինչպես նաև պաշտպանի մյուս միջնորդությունները: Վերջին մի քանի միջնորդությունները դատարանն առանց խորհդակցական սենյակ գնալու էր մերժում, նույնիսկ չէր էլ պատճառաբանում, պարզապես հրապարակում էր իր որոշումը: Դատարանն անգամ մերժեց պաշտպանի այն միջնորդությունները, որոնց դեմ չէր առարկում մեղադրող կողմը:

Դատական նիստի ընթացքում հունից ելան ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի հայրն ու մայրը: Պաշտպանը միջնորդել էր լրացուցիչ դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն իրականացնել` ֆիքսող տեսախցիկների տեսագրության վերաբերյալ, նա գտնում էր, որ քննիչ Մուշեղ Ալեքսանյանը մոնտաժել է այդ տեսագրությունը, դատարանը կրկին մերժեց: Լսելով դատարանի որոշումը, ամբաստանյալի ծնողները զայրացած սկսեցին բղավել: Դատական կարգադրիչները նրանց հեռացրեցին նիստերի դահլիճից, դատական նիստի ավարտին դահլիճ մտավ ամբաստանյալի հայրը` Լավրենտի Առուշանյանը և կրկին դիմեց մեղադրող դատախազին (մանրամասները` տեսանյութում):

Այսօր ավարտվեց սույն գործով դատաքննության փուլը, դատական վիճաբանությունների փուլին պատրաստվելու համար Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ժամանակ խնդրեց` իր պաշտպանական ճառը կազմելու նպատակով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին:

Հիշեցնենք` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով:

Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել