ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի ղեկավարությամբ նոյեմբերի 28-ին անփոփոխ թողեց 56 միլիոն 400 000 դրամի գողության մեջ մեղավոր ճանաչված Էդգար Կարաքեշիշյանի և Ա․Ա․-ի գործով վերաքննիչ բողոքը: Ա․Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դեռևս չի ստացել դատարանի որոշումը. «Ինչպիսի պատճառաբանություններ էլ նշված լինի դատավճռում, կարծում եմ, դրանք ակնհայտ անհիմն են լինելու, որովհետև չի կարող վարկածի հիման վրա դատավճիռը թողնվի ուժի մեջ»,- նշեց փաստաբանը:
Նա հայտնեց, որ այն ստանալուց հետո առավել մանրամասն դիրքորոշում կհայտնի, սակայն մի բան հստակ է. «Միանշանակ այն բողոքարկվելու է վճռաբեկության կարգով»:
Հիշեցնենք` գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս: