Վերաքննիչ քրեական դատարանը ողջ կազմով շահագրգռված է Ա․Ա․-ի և Էդգար Կարաքեշիշյանի գործն ի վնաս ամբաստանյալների լուծելու: Այս հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 4-ին դատարանին ինքնաբացարկ ներկայացրեց Ա․Ա․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Մինչ այդ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը լրացուցիչ դատասեաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի` գործում առկա տեսագրությունը ամբողջական չէ և մոնտաժված:
Պաշտպանը անհիմն համարեց դատարանի որոշումը: Նա ինքնաբացարկ ներկայացրեց դատարանին` պատճառաբանելով. «Վերաքննիչ քրեական դատարանի կազմը անուղղակի շահագրգռված է այս գործով` ի վնաս իմ պաշտպանյալի: Ակնհայտ է` դատարանը տվյալ դեպքում գործեց բացառապես մեղադրյալի ցանկությամբ: Ստեղծել է ոչ հավասար պայմաններ` առավելությունը տալով մեղադրական պայմաններին»,- շեշտեց փաստաբանը: Նա մեջբերեց ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները, պաշտպանը նաև հիմնավորեց, որ նախկին դատական նիստին դատավարանը թույլ չտվեց հարցաքննել գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանին:
Այս միջնորդությանը միացավ նաև ամբաստանյալ Ա․Ա․-ն, նա շեշտեց, որ դատարանը կողմնակալություն է իրականացնում. «Ի՞նչ կլիներ, եթե դուք լրացուցիչ փորձաքննություն իրականացնեիք, եթե գտնում եք, որ նախաքննական մարմնի տրամադրած տեսագրությունը ամբողջական է, ապա թող փորձաքննությունը դա հաստատեր, այդ մեկ ամիսը ինձնից էր գնալու, ձեզ ինչ: Գտնում եմ, որ նման դատարանն ինձ չպետք է դատի»,- նշեց նա: Պաշտպանական կողմը միացավ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությանը: Դատախազն առարկեց` շեշտելով, որ այն հիմնված է ենթադրությունների վրա:
Ի դեպ, այսօր երբ մեղադրող կողմը իր առարկություններն էր ներկայացնում զայրացած սկսեց բղավել Ա․Ա․-ի հայրը: Նրան և ամբաստանյալի մորը հեռացրեցին դատարանից:
Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց պաշտպանի միջնորդությունը: