ՄԻԵԴ դատավորի մրցույթի հարցազրույցների փուլի արդյունքները կհրապարակվեն այսօր

Այսօր կհրապարակվի ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի որոշման արձանագրությունը, որում կներկայացվի ինչպես հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները, այնպես էլ այս օրերին բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը:

Երեկ երեկոյան ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը: Երկու օր շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանի Միխիթար Գոշի անվան գրադարանում սահմանված կարգով անցկացվող հարցազրույցի ընթացքում դատավորի թեկնածուները ներկայացրին մարդու իրավունքների բնագավառում ունեցած իրենց աշխատանքային փորձն ու հմտությունները, պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք նպատակ ունեին բացահայտելու մասնակիցների մասնագիտական ունակությունները, ինչպես նաև ցույց տվեցին իրենց լեզվական հմտությունները անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներից (բանավոր և գրավոր):

Թեկնածուները, պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, ներկայացրին իրենց դիրքորոշումը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ, դատարանի նկատմամբ անվստահությունը մեղմելուն ուղղված քայլերը՝ այդ համատեքստում կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառումը:

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցն ուղղված էր բոլոր թեկնածուներին. բացահայտել արդարություն, իրավահավասարություն, ժողովրդավարություն եզրույթների նորմատիվային բնույթը: Հիմնվելով տեսական գիտելիքի ու աշխատանքային փորձի վրա՝ հարցի առնչությամբ թեկնածուները ներկայացրին իրենց մոտեցումները: Այս մասին տեղեկացնում է նաև ՀՀ Արդարադատության նախարարություն:

<<Ձեր պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային որոշումը կիրառելու հնարավորություն ունեցե˚լ եք>>,-հետաքրքրվեց հանձնաժողովի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ փորձելով այդ առնչությամբ լսել թեկնածուների մեկնաբանություններն ու վերլուծությունը:

Ռուբեն Մելիքյանի այն հարցին, թե թեկնածուներն ինչ ներդրում են ունեցել Հայաստանում իրավունքի զարգացման գործում, հնչեցին տարբեր պատասխաններ: Թեկնածուները ներկայացրին այն փորձագիտական հետազոտությունները, որոնք կատարել են, մոնիթորինգային խմբերում կատարած աշխատանքը, տարբեր զեկույցների պատրաստումն ու քննարկումները, որոշ դեպքերում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններին ունեցած մասնակցությունը:

Հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցն ուղղված էր բոլոր թեկնածուներին. <<Որո˚նք են հասարակական այն երեք արատները, որոնք խոչընդոտում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը>>: Ըստ թեկնածուների՝ խնդիրները տարբեր են, կոռուպցիայից մինչև դատարանների նկատմամբ անվստահությունը:

Հարցազրույցի փուլին մասնակցեց 11 թեկնածու: Հարցազրույցին մասնակցած թեկնածուների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Այսօր հայտնի կդառնան այն 3 թեկնածուների անունները, որոնք կներկայացվեն ՀՀ նախագահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել