Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը բավարարեց Ա.Ա․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները. քննիչն ու վկան կհարցաքննվեն

Ա․Ա․-ի և Էդգար Կարաքեշիշյանի գործով կհարցաքնվեն գործը քննող քննիչ Մուշեղ Ալեքսանյանը և վկա Կարեն Մկրտչյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց Ա․Ա․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը:

Իր միջնորդության մեջ փաստաբանը նշեց. «Ընդհանուր իրավասության դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության միջնորդությունը սույն գործը քննող քննիչ Մուշեղ Ալեքսանյանին որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին: Նրան պետք է հարցաքննել հետևյալ հարցերի շուրջ, թե ինչո՞ւ է «Նուբարաշեն» ՔԿՀ մեղադրյալ Արտաշես Գալստյանի մոտ գնացել առանց նշանակված պաշտպանի և ցուցմունք վերցրել նրանից, թե ինչո՞վ կբացատրի իր և մեղադրյալ Պետրոս Գալուստովի միջև հաճախակի հեռախոսազանգերի փաստը, այն էլ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ մեղադրյալին հարցաքննելիս: Ո՞րն է պատճառը, որ քննիչը չի կատարել գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի օրինական ցուցումները»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ առկա է նրա կողմից նախաքննության ընթացքում թույլ տվաց սխալների փաստը:

Բացի այդ, նա հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ. «Առաջին ատյանի դատարանը, խախտելով Քրեական դատավարության օրենսգրիք 342-րդ հոդվածի պահանջը, հրապարակել և հետազոտել է վկա Կարեն Մկրտչյանի ցուցմունքները, այն դեպքում երբ առկա չէին այնպիսի պատճառներ, որոնք խանագարում էին նրան ներկայանալ դատարան, իսկ Կարեն Մկրտչյանը պետք է կանչվեր և հարցաքննվեր դեպքի օրը` իր և Արտաշես Գալստյանի միջև մշտական զանգեր ունենալու, առավոտյան Արարատի մարզի Ներքին Դվին գյուղից ստացված հեռախոսազանգի և 6 մլն դրամը իրեն ի պահ հանձնելու հարցերի շուրջ: Այնպես որ միջնորդում եմ Կարեն Մկրտչյանին հրավիրել դատարան»:

Միաժամանակ դատարանը մերժեց Էդգար Խաչատրյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի միջնորդությունը` սույն գործով մեղադրյալ, այժմ` հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները, որոնք առնչվում էին Է. Խաչատրյանին անթույլատրելի ճանաչելու մասին:

Այսօրվա դատական նիստին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ձեռք է բերել փորձագիտական գնահատականն այն մասին, որ քրեական գործում առկա տեսաձայնագրությունը ամբողջական չէ, այլ մոնտաժված, որի վերաբերյալ պարոն Սիմոնյանը պատրաստվում էր ապացույցներ ներկայացնել և հանդես գալ միջնորդությամբ վերոնշյալ միջնորդության որոշման հրապարակումից հետո: Սակայն դատարանը որոշումները հրապարակելով` հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, փաստաբանը հանդես կգա համապատասխան միջնորդությամբ:

Այսօրվա նիստին հայտարարություններով հանդես եկան նաև ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները: Նրանք բոլորը նշեցին, որ մեղադրող կողմը խեղաթյուրել է ամբաստանյալների և վկաների ցուցմունքները: Լիպարիտ Սիմոնյանն անգամ իր հայտարարության մեջ հատված մեջբերեց Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», որին մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Աշոտ Առուշյանը անդրադարձավ իր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներին` նախաքննական մարմնի կողմից` ասելով, որ Առաջին ատյանի դատարանում հարցաքննության ընթացքում մեղադրողին պատասխանել է, որ այդպիսի ճնշումներ եղել են, սակայն վերջինս վերաքննիչ բերված բողոքի պատասխանում նշել է, որ ոչ մի ճնշում չի եղել. «Այդպիսի բան չկա, եթե հարգելի մեղադրողը ձայնագրություններում կհամարձակվի ցույց տալ, որ ես իր հարցին պատասխանել եմ այնպես, ինչպես ինքն է նշում, ես պատրաստ եմ տասնապատիկ անգամ ավելի խիստ պատիժ կրել: Սա ամենայն լրջությամբ եմ ասում»,- նշեց ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել