Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշեց, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների և պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան և Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։
Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական և ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։
Լուսանկարը՝ mfa.am-ի: