ՊԵԿ-ի գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) նախկին Պետեկամուտների կոմիտեի (ներկայիս ՀՀ Ֆինանսների նախարարություն) և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան գործը 2014թ. հուլիսի սկզբին ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչպես հայտնի է, ՀՀ Վարչական դատարանը մերժել էր ՀՍԻԿ-ի հայցը, այնուհետև Վարչական վերաքննիչ դատարանը որոշումը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը գործը պարզապես վերադարձրել էր:

Սույն գործի էությունն այն է, որ ՀՍԻԿ-ը պահանջում է կազմակերպության համար 2011թ. ներկրված ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի ձեռք բերած գնի՝ համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի և վերադարձնել մաքսազերծման ժամանակ ապօրինի ավելի գանձված գումարը:

Կազմակերպությունը սույն գործը նախաձեռնել է որպես կարևոր նախադեպ ՊԵԿ-ի և մաքսատան կողմից ապրանքներ ներկրող իրավաբանական և ֆիզիկական անձանցից մաքսազերծումների ընթացքում օրենքով սահմանվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման՝ համատարած օրինախախտումներին վերջ տալու և դրանով իսկ երկրի տնտեսության զարգացմանը խանգարող ապօրինի խոչընդոտը վերացնելու համար:

Սա ՀՍԻԿ-ի առաջին դիմումն է ուղղված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որտեղ Կազմակերպությունը հիմնավորել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 13-րդ հոդվածը (երկրում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ապահովելու պարտավորություն) և Համաձայնագրի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության իրավունքի պատշաճ պաշտպանության ապահովման պարտավորություն):

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել