Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:
Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:
Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Լուսանկարը՝ president.am-ի