64-ամյա կինը դատապարտվեց 6 տարի ազատազրկման

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է 64-ամյա Սվետլանա Մանջոյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2010 թվականի հունիս ամսին ծանոթացել է Մհեր Մադաթյանի հետ, ում ներկայացել է Երևանի քաղաքապետարանի աշխատող և հավաստիացրել, որ արտասահմանյան մի կազմակերպություն աջակցում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում՝ ասելով, որ բնակարանները հատկացվում են Երևանի Նոյան թաղամասում և Նոր Նորքի 1-ին զանգվածում:

Մհեր Մադաթյանի համար, վերոնշյալ թաղամասերից մեկում բնակարան ձեռք բերելու պատրվակով վերջինիցս խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով 2010 թվականի հունիսի 23-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում պահանջել ու Երևանի Նազարբեկյան թաղամասում մաս-մաս ստացել է նրա առանձնապես խոշոր չափերով գույքը` 3 միլիոն 704 հազար 100 դրամին համարժեք 10 հազար դոլար գումարը և այն հափշտակել:
Ամբաստանյալն արարքը կատարելուց հետո լքել է ՀՀ տարածքը ու շուրջ երեք տարի գտնվել հետախուզման մեջ:

2013 թվականի օգոստոսի 6-ին Սվետլանա Մանջոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Մանջոյանը երկու անգամ դատապարտվել է խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու համար:

Սվետլանա Մանջոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում և պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Ինչպես նաև դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սվետլանա Մանջոյանը 1997 թվականին Մաշտոցի շրջանի ժող.դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Սակայն 2000 թվականին պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ` 3 տարի 11 ամիս 11 օր չկրած:

Վերոհիշյալ պատժից 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը գումարվել է ներկայիս պատժին և պատիժ նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով:
Սվետլանա Մանջոյանից հօգուտ տուժող Մհեր Մադաթյանի բռնագանձվել է 3.704.100 ՀՀ դրամ գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել