Դատապարտյալների բուժօգնությունը կկազմակերպվի նոր կարգով. նախատեսվում են փոփոխություններ Քրեակատարողական օրենսգրքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագիծը վերաբերում է դատապարտյալների բժշկական օգնության և խնամքի կազմակերպմանը։ Այն առաջարկում է որոշ հոդվածներում փոփոխություններ, որոնք միտված են առողջապահական ծառայությունների տրամադրման նոր համակարգի ձևավորմանը։

Հիմնական փոփոխությունները՝
Դատապարտյալները, ովքեր ունեն երկարատև բուժման, սպասարկման կամ խնամքի կարիք, այլևս չեն տեղափոխվի առանձին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այլ կտեղափոխվեն այն հիմնարկ, որտեղ գործում է մասնագիտացված և անհրաժեշտ կարողություններով բժշկական ստորաբաժանում։

Հիմնական փոփոխությունները հետևյալն են․

Քրեակատարողական օրենսգրքի 57-րդ հոդվածի փոփոխություն

  • Նախկինում սահմանված էր, որ երկարատև բուժման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ։
  • Նոր խմբագրությամբ սահմանվում է, որ նրանք տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ գործում է համապատասխան կարողություններով բժշկական ստորաբաժանում։

Այսինքն՝ բուժումը այլևս չի կապվում մեկ կոնկրետ հաստատության (Դատապարտյալների հիվանդանոց) հետ

Քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի փոփոխություն

  • Ընդգծվում է, որ դատապարտյալներին բժշկական օգնություն և սպասարկում կարելի է տրամադրել հենց այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ կա բժշկական ստորաբաժանում։
  • Իսկ երկարատև բժշկական օգնության կարիք ունեցողների համար նախատեսվում է տեղափոխում մասնագիտացված բժշկական ստորաբաժանում ունեցող հիմնարկ, այլ ոչ թե առանձին հիվանդանոց։

Քրեակատարողական օրենսգրքի 64-րդ հոդվածի փոփոխություն

  • Հանվում է «և բուժական քրեակատարողական հիմնարկում» ձևակերպումը։

Սա տեխնիկական փոփոխություն է, որը բխում է Դատապարտյալների հիվանդանոցի փակվելուց՝ օրենքը համապատասխանեցնելով նոր իրականությանը։

Քրեակատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի փոփոխություն

  • Սահմանվում է, որ եթե դատապարտյալը պատժախցից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում, ապա այնտեղ գտնվելու ժամանակահատվածը հաշվվում է որպես պատժի կրումի մաս։Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունել է թիվ 1469-Ն որոշումը, որով սահմանվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից կդադարեցվի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։
Այս որոշման նպատակն է՝

  • ապահովել պետական ռեսուրսների և ֆինանսների առավել արդյունավետ օգտագործումը,
  • կենտրոնացնել բժշկական ծառայությունները ավելի մասնագիտացված կառույցներում,
  • բարելավել դատապարտյալների առողջապահական սպասարկման որակը։

Նոր համակարգի շրջանակում ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 100 տեղանոց նոր տեղամաս, որը կծառայի երկարատև բուժման կարիք ունեցող անձանց սպասարկմանը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական հատկացումներ պետական բյուջեից։

Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում՝
• կբարելավվի ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և խնամքի որակը,
• կբացառվի բուժման գործընթացների կրկնությունը և ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը,
• կձևավորվի միասնական, համակարգված և մասնագիտացված բժշկական սպասարկման մոտեցում քրեակատարողական համակարգու
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի N 627-Լ հրամանից, որով սահմանվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղություններն ու ժամանակացույցը։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net -ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել