«Կարծես վերադարձել ենք խորհրդային «1.02» հաղորդաշար». Արամ Վարդևանյանը այդպես է բնորոշել քննիչի կողմից դատարանին ներկայացված միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում քննվել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը: Նիստը սկսվել է ուշացումով՝ ժամը 16:15-ին, չնայած պաշտպանական կողմը ժամանակին ներկայացել էր,- այս մասին հաղորդում է Iravaban.net-ը։

Ըստ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի, 53 քննիչից բաղկացած քննչական խումբը չի կարողացել ժամանակին ներկայանալ դատարան: «Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով օգտագործել», – նշեց փաստաբանը:

Դատական նիստի ընթացքում քննիչը 125 րոպե կարդացել է միջնորդությունը, որը, ըստ պաշտպանական կողմի, որևէ առնչություն չուներ Սամվել Կարապետյանի հետ:

Հատկապես սուր քննադատության է արժանացել քննիչների պատասխանների ոճը: Վարդևանյանի խոսքով, երբ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան պարոն Ամստերդամը հարցրել է, թե ինչի վրա է հիմնված «կոչերի հետ կապված» մեղադրանքը, քննիչի պատասխանն է եղել. «Իրականացվում է բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն»:

«Խորին հարգանքով բոլոր ոստիկանների նկատմամբ, բայց վստահ եմ, շատերը կհիշեն «1.02» կոչվող հաղորդաշարը, որի շրջանակներում միշտ նույն ձայնով մի տեքստ էր ընթերցվում, որը այդքան էլ ժամանակակից աշխարհում մրցունակ չէ», – նշել է փաստաբանը: Նա հավելել է, որ քննիչի կողմից հնչում էին հենց այդ ոճի պատասխաններ, սակայն, ի տարբերություն «1.02» հաղորդաշարի, որտեղ գոնե կոնկրետ դեպքեր էին նկարագրվում, այս դեպքում «դա էլ չկա»:

Փաստաբանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում է գտնվել հունիսի 17-ին՝ հոր քառասունքի արարողությանը մասնակցելու նպատակով:

Դատական նիստը հետաձգվել է և կշարունակվի այսօր՝ ժամը 15:00-ին: Պաշտպանական կողմն այսօր կներկայացնի իր դիրքորոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել