Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԱՄԷ փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների գործընկերային հարաբերությունները և ընդգծել համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարը կարևորել է նաև ԱՄԷ-ի դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում։
Քննարկման առարկա են դարձել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության ընդլայմանը վերաբերող հարցեր, իսկ հանդիպումն ավարտվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Հուշագիրը նախատեսում է վարորդական վկայականների փոխադարձ ճանաչում․ այսուհետ ոչ բնակության նպատակով ԱՄԷ-ում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով երթևեկել անարգել, իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատվում է տեսական և գործնական քննություններից։
Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը ընդգծել են, որ հուշագիրը կնպաստի ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդմանը և միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարություններից ազատելուն։