Դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանք, հայտնում է 1tv.ge-ն։
Դատական նիստին ներկա է եղել ինքը՝ Ջուանշեր Բուրչուլաձեն, ով նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Պետական անվտանգության ծառայությունը Բուրչուլաձեին ձերբակալել է սեպտեմբերի 11-ին։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման համար։
«Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականին Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը ծառայողական լիազորությունները չարաշահել է՝ իր և ազգականի շահի համար։ Մասնավորապես՝ նրա ցուցմամբ պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալը և նախարարության գնումների վարչության նախկին ղեկավարը, պաշտպանության նախկին նախարարի ազգականի օգնությամբ, ռազմական հոսպիտալի համար բժշկական սարքավորումների ձեռքբերման գործընթացում ստեղծել են ոչ մրցակցային պայմաններ, ինչի հետևանքով սարքի գինը 2 606 272 լարիից բարձրացվել է մինչև 3 940 000 լարի՝ կեղծ գործարքների միջոցով։ Այս հանցավոր գործողությունների հետևանքով Վրաստանի պաշտպանության նախարարությանը հասցվել է 1 333 728 լարիի նյութական վնաս։
Պաշտպանության նախկին նախարարը, ապօրինի և չհիմնավորված գույքի ծագումը թաքցնելու և օրինական տեսք տալու նպատակով, ձեռնարկել է հետևյալ գործողությունները․
2025 թվականի հունվարին նա և նրա կինը 544 000 եվրոյով գնել են Իսպանիայում գտնվող հողամաս՝ բնակելի տներով։ Քանի որ նշված գումարի օրինական աղբյուրը չեն կարողացել հաստատել, գումարի ծագման թաքցման նպատակով 2024 թվականին կնքվել է կեղծ գնավաճառքի պայմանագիր պաշտպանության նախկին նախարարի կնոջ և երրորդ անձի միջև՝ Թբիլիսիի Ծխնեթիում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ։ Իրականում գույքը ընտանիքի կողմից չի վաճառվել, և պայմանագրի միակ նպատակը Իսպանիա փոխանցվող գումարի ծագման թաքցումն էր։ Բացի այդ, պաշտպանության նախկին նախարարը 544 000 եվրոյի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով 2025 թվականի մարտին պաշտոնատար անձի գույքային վիճակի հայտարարագրում ընդհանրապես չի նշել Իսպանիայում ձեռք բերված անշարժ գույքը, ինչի միջոցով կատարել է առանձնապես մեծ չափի՝ 1 593 212 լարիի ապօրինի և չհիմնավորված եկամուտի լեգալացում»,-նշված է քննչական մարմնի հաղորդագրության մեջ։
Մեղադրանքը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։