ԱՄՆ-ում ձերբակալվել է աջակողմյան քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը

Կոնսերվատիվ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի ուշ կասկածյալի ձերբակալությունը հաստատել են Յուտայի նահանգապետը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՖԲԻ) ղեկավարը։ Իշխանությունները հայտնել են նրա անունը՝ Թայլեր Ռոբինսոն։ Մամուլի տվյալներով՝ նա Յուտայի 22-ամյա բնակիչ է։

Թրամփը հայտնել է, որ կասկածյալին ձերբակալելուն օգնել են մի «հոգևորական», որին նա ճանաչում է և կասկածյալի հայրը։

«Նրանք գնացել են ոստիկանության բաժին, և հիմա նա (կասկածյալը) այնտեղ է։ Հայրը համոզել է որդուն, որ հանձնվի»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ հիմնվում է իր լսածի վրա, և այդ տեղեկությունը կարող է ամբողջությամբ ճշգրիտ չլինել։

Յուտայի նահանգապետ Սպենսեր Կոքսի խոսքով՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան Ռոբինսոնի ընտանիքի անդամներից մեկը կապ է հաստատել ընտանիքի բարեկամի հետ, որը դիմել է շերիֆին՝ տեղեկացնելով, որ Ռոբինսոնը ակնարկել է, թե ինքն է կատարել այս հանցագործությունը։ Կասկածյալի ընտանիքի անդամը հետաքննիչներին պատմել է՝ վերջին տարիներին Թայլեր Ռոբինսոնը «ավելի քաղաքականացված» է դարձել։ Նա հիշել է, որ Ռոբինսոնը վերջերս խոսել այն մասին, որ Չարլի Քըրքն այցելել է Utah Valley համալսարան՝ ասելով, թե Քըրքը «լցված է ատելությամբ և տարածում է ատելություն»։

Յուտայի նահանգապետը հավելել է, որ կասկածյալը չի ուսանել այն համալսարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ Նա նաև նշել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք Ռոբինսոնն ունեցել է հոգեկան հիվանդություններ։ Կոքսի խոսքով՝ Ռոբինսոնը երկար տարիներ ապրել է իր ընտանիքի հետ Յուտայի հարավ-արևմուտքում՝ համալսարանից մոտ երեք ժամ հեռավորության վրա։

Թրամփը հույս է հայտնել, որ ձերբակալվածը կճանաչվի մեղավոր և կդատապարտվի մահապատժի։

«Քըրքը լավագույն մարդն էր, նա դրան արժանի չէր»,-ասել է նախագահը։

31-ամյա Չարլի Քըրքը՝ Հանրապետական կուսակցության աջ թևի աստղերից մեկը, սպանվել է կրակոցից Utah Valley համալսարանի տարածքում չորեքշաբթի օրը։ Նա զբաղվում էր ամերիկացի ուսանողների շրջանում քարոզչությամբ, և նրան վերագրում են Դոնալդ Թրամփի 2024 թվականի վերընտրության մեջ կարևոր դերերից մեկը։

Նահանգապետի խոսքերով՝ հրացանի փամփուշտների վրա, որով սպանել են ակտիվիստին, հայտնաբերվել են գրություններ։ Դրանցից մեկի վրա, օրինակ, գրված էր. «Էյ, ֆաշիստ, բռնի՛ր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել