Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, քաղաքացի Կարեն Համլետի Աղաջանյանը 2025թ. օգոստոսի 8-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի։
Հայցի էությունը.
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ին պատշաճ կատարել 27.06.2023 թվականին կնքված թիվ 4073902 պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անխափան 220Վ լարման էլեկտրական էներգիայի մատակարարումը: Միաժամանակ, հայցվորը պահանջում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ դատական ծախս՝ նախապես վճարված պետական տուրքի գումար։
Դատական գործի ընթացքը.
Հայցադիմումն օգոստոսի 8-ին մակագրվել է դատավոր Աշոտ Արթուրի Հովհաննիսյանին: Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ հայցադիմումն ու կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Դատարանի գնահատմամբ՝ չկան հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր:
Արդյունքում, օգոստոսի 20-ին դատավոր Աշոտ Հովհաննիսյանը որոշում է կայացրել Կարեն Աղաջանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Ներկայիս կարգավիճակը.
Դատալեքս համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ գործով դեռևս դատական նիստ չի անցկացվել: