Մեդիագրագիտություն, կեղծ տեղեկությունների կանխարգելում և քննադատական մտածողություն

Նպատակները
Սույն իրազեկման նյութի նպատակն է զարգացնել հետևյալ կարողությունները․

  • Տարբերակել ապատեղեկատվությունը, կեղծ տեղեկատվությունը և վնասաբեր տեղեկատվությունը.
  • Յուրացնել քննադատական մտածողության սկզբունքները (5W+H, կողմնակալությունների վերահսկում)
  • Դառնալ պատասխանատու տեղեկատվության սպառող և տարածող, հատկապես սոցիալական ցանցերում:

1. Կեղծ տեղեկությունների (fake news) հիմնական տեսակները.
1.1. Ապատեղեկատվություն (disinformation)
Ապատեղեկատվությունը դիտավորյալ ստեղծված ու տարածվող կեղծ տեղեկություն է, որի նպատակն է մոլորեցնել, վնաս հասցնել կամ մանիպուլյացիայի ենթարկել թիրախային լսարանին։ Ապատեղեկատվության տարածված օրինակներ են ընտրական գործընթացների մասին կեղծ պնդումները, «բուժիչ» վտանգավոր խորհուրդները, ֆինանսական բուրգերը և թշնամանք սերմանող բովանդակությունը։ Այս տեսակի տեղեկատվությունը հաճախ ստեղծվում է համակարգված կերպով և ունի հստակ քաղաքական, տնտեսական կամ սոցիալական շահարկման նպատակ։
Կեղծ տեղեկատվություն (misinformation)
Կեղծ տեղեկատվությունը սխալ տեղեկություն է, որը տարածվում է առանց վնաս հասցնելու դիտավորության։ Դրա հիմնական պատճառներն են անգիտակցական սխալը, շտապողականությունը և թերի տեղեկացվածությունը։ Օրինակներ են չստուգված «բարի լուրերի» վերատպումը, հնացած բժշկական «փաստերը» և սխալ եղանակային կանխատեսումները։ Թեև այս տեղեկատվությունը տարածվում է առանց չար դիտավորության, այն կարող է նույնքան վնասակար լինել, որքան ապատեղեկատվությունը։
Վնասաբեր տեղեկատվություն (malinformation)
Վնասաբեր տեղեկատվությունը ճշմարիտ տեղեկություն է, որը ներկայացվում է համատեքստից կտրած կամ տարածվում է վնաս հասցնելու նպատակով։ Օգտագործվող մեթոդներն են համատեքստի խեղաթյուրումը, անձնական տվյալների կամ լուսանկարների չարտոնված հրապարակումը և մասնավոր հաղորդագրությունների բացառումը հանրային դաշտ։ Այս տեսակի տեղեկատվությունը հատկապես վտանգավոր է, քանի որ հիմնված է իրական փաստերի վրա, բայց օգտագործվում է մանիպուլյատիվ նպատակներով։
1.2. Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություններ (FIMI)
FIMI-ը վարքագծի այնպիսի ձև է, երբ արտաքին կամ ներքին դերակատարները՝ պետական կամ ոչ պետական, դիտավորյալ և համակարգված կերպով փորձում են ազդել հանրային քննարկումների, ընտրությունների ու քաղաքական որոշումների վրա։ Այս գործողությունները միշտ չէ, որ անօրինական են, բայց կարող են խաթարել ժողովրդավարական արժեքներն ու գործընթացները։
Ինչպե՞ս է սա երևում քաղաքացու համար

  • կեղծ «լրատվական» էջեր ու ալիքներ, որոնք նույն օրակարգը պտտում են տարբեր անուններով,
  • համակարգված տարածում՝ նորաստեղծ հաշիվներ, բոտային ցանցեր, վճարովի «ազդեցիկներ»,
  • գեներատիվ ԱԲ/դիփֆեյք բովանդակություն՝ իրականությանը շատ նման տեսանյութեր և ձայներ,
  • «քաղաքացիական նախաձեռնության» կամ «վերլուծական կենտրոնի» անվան տակ կազմակերպված քարոզչություն (astroturfing),
  • ընտրովի «արտահոսքեր» կամ խմբագրված փաստաթղթեր, որոնք ներկայացվում են որպես բացահայտում,
  • նույն խոսքային շաբլոնները տարբեր էջերում՝ կարճ ժամանակում և համաժամանակյա հրապարակումներով։
  • աղբյուրների «լվացում» (source laundering)՝ նյութը սկզբում հրապարակվում է անծանոթ կայքում, հետո նույնը վերապատմվում է այլ էջերում որպես «աղբյուրի» հղում՝ ստեղծելով բազմակողմ հաստատման պատրանք։

FIMI-ն vs ապատեղեկատվություն
Ապատեղեկատվությունը՝ կեղծ կամ մոլորեցնող տեղեկություն, FIMI-ի միայն մի գործիք է։ FIMI-ը ներառում է նաև բովանդակության արհեստական մեծացում, օրակարգի փոխարինում, վախի/թշնամանքի հրահրում և տեղեկատվության դիտավորյալ խեղաթյուրում։
2. Ապատեղեկատվության բացասական հետևանքները․

  1. Հասարակական վստահության խաթարում։ Ապատեղեկատվությունը նվազեցնում է հասարակության վստահությունը պետական կառույցների, դատաիրավական համակարգի, լրատվամիջոցների և այլ հասարակական ինստիտուտների նկատմամբ։ Այս հանգամանքը խաթարում է հանրային միջավայրի բնականոն գործունեությունը և վնասում հասարակական կարգն ու կայունությունը։
  2. Սոցիալական և քաղաքական հակասությունների խորացում։ Ապատեղեկատվության տարածումը նպաստում է հասարակության տարբեր խավերի միջև հակասությունների, բաժանման և կոնֆլիկտների խորացմանը, ինչն անմիջականորեն վտանգում է հասարակական համերաշխությունն ու սոցիալական կարգը։
  3. Քաղաքական համակարգի կայունության վտանգ։ Ապատեղեկատվությունը կարող է խաթարել ընտրական գործընթացների թափանցիկությունն ու արդարությունը, նպաստել հանրային համոզմունքների խեղաթյուրմանը։
  4. Հանրային առողջության և անվտանգության ռիսկեր։ Սխալ և մոլորեցնող տեղեկությունները առողջապահական ոլորտում կարող են վնասել հասարակության առողջությանը, խաթարել բժշկական օգնության հասանելիությունը և խախտել առողջության պաշտպանության իրավունքը։
  5. Հանրային կարգի խախտում և իրավական ռիսկեր։ Ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես հիմք ապօրինի գործողությունների համար, ինչպիսիք են խուճապի սերմանումը, խեղաթյուրված տեղեկատվության միջոցով անձնական կամ խմբային շահերի պաշտպանության ձգտումը։
  6. Իրավական համակարգի արդյունավետության թուլացում։ Ապատեղեկատվության պատճառով հանրային վստահության կորուստը կարող է սահմանափակել օրենքի գերակայության իրացումը, խաթարել դատաիրավական գործընթացների արդյունավետությունը և վտանգել հիմնարար մարդու իրավունքների իրականացումը։

Վտանգի ազդանշաններ․ ինչպե՞ս ճանաչել կեղծ լուրը.
Ա. Վերնագրեր
Կեղծ լուրերի ամենաակնառու նշաններից են`

  • Գերզգացական վերնագրերը։ Դրանք հաճախ պարունակում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Շոկային բացահայտում», «Սարսափելի փաստեր», «Վերջապես ճշմարտությունը»։
  • Բացարձակ պնդումները, ինչպես օրինակ «Բոլոր բժիշկները…», «Ամեն քաղաքացին պետք է…», «Երբեք մի արեք…» նույնպես պետք է զգուշացնեն ընթերցողին։
  • Կետադրական նշանների անհարկի չարաշահում՝ «Հրատապ!!!», «Տարածեք, քանի չեն ջնջել!!!»:
  • Քաղաքական կողմնակալ լեզուն, վիրավորանքները և խմբային ատելության սերմանումը հստակ ցուցիչներ են, որ տեղեկատվությունը կարող է լինել կեղծ կամ մանիպուլյատիվ։

Բ) Բովանդակություն

Բովանդակության մեջ պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝

  • Անանուն / չվավերացված աղբյուրներ, ինչպիսիք են «մեր տեղեկություններով», «անանուն փորձագետները»։
  • Հուզական մանիպուլյացիա, որը դրսևորվում է վախի ու զայրույթի հրահրող պատկերներով և բառապաշարով:
  • Տեղեկատվական բացեր՝ ամսաթվի, կոնկրետ տվյալների կամ այլ տեսակետների բացակայությունը, որոնք ցույց են տալիս, որ տեղեկատվությունը կարող է լինել թերի կամ միտումնավոր խեղաթյուրված։

Գ) Քլիքբեյթ (clickbait)
Քլիքբեյթը հնարք է, որը մեդիայում օգտագործվում է ընթերցողի ուշադրությունը գրավելու և տվյալ հրապարակման վրա սեղմելու համար։ Ժամանակակից զանգվածային լրատվական միջոցները մեծ կախում ունեն դիտումների քանակից, քանի որ դա հետաքրքիր է գովազդատուներին։ Հենց այս նպատակով են հաճախ լրատվականները օգտագործում քլիքբեյթ գլխագրեր, որոնցով լուծում են բարձր դիտելիություն ապահովելու խնդիրը։ Դրանք ներառում են՝

  • Խայծ պարունակող վերնագրերը, որոնք հաճախ ճշմարտությունը ներկայացնում են աղավաղված կամ ընդհանրապես կեղծված։ Այս առումով կարևոր է տարանջատել քլիքբեյթ նյութերը սովորական լրատվությունից։ Քլիքբեյթ վերնագրերը բազմաթիվ են և բազմատեսակ։ Հրատապ, շտապ սենսացիա վերնագրերը ամենից տարածվածն են աշխարհում՝ հաճախ կետադրական նշանների անհարկի չարաշահումներով՝ «Հրատապ!!!», «Շտապ!!!!!»:
  • Վերնագրերը, որոնցում հեղինակը դիմում է ընթերցողին։ «Տեսեք, թե ինչ պատահեց այն աղջկա հետ, երբ․․․», «Երբեք չեք գուշակի, թե ինչ եղավ հետո․․․» և այլն։ «18+» կամ «Մուտքը միայն չափահասներին» վերնագրերը ևս ցուցիչ են, որ լրատվականի նպատակն է դիտումների մեծ քանակը, այլ ոչ անկողմնակալ և օբյեկտիվ լրատվությունը։

Դ) Դիպֆեյք (deepfake)

Գեներատիվ արհեստական բանականությունը թույլ է տալիս րոպեների ընթացքում ստեղծել իրականին նմանվող տեսանյութ, ձայն, լուսանկար և տեքստ։ Սա ուժեղացնում է արդեն նկարագրված վտանգի ազդանշանները․ սենսացիոն վերնագրերն ու հուզական լեզուն հեշտ միացվում են արհեստական նյութերին, իսկ բոտային ցանցերը դրանք արագ շրջանառում են։

Դիպֆեյքերը կարող են օգտագործվել մարդկանց վարկաբեկելու կամ կարծիք ձևավորելու համար։ Երբ նույն կեղծ բովանդակությունը տարբեր ձևերով բազմիցս է հանդիպում, գործում է «կրկնության էֆեկտը» (illusory truth effect)՝ մարդիկ հակված են հավատալ, քանի որ «շատ են տեսել»։

5. Սոցիալական ցանցերում բոտերի և կեղծ օգտահաշիվների ճանաչում

Ի՞նչ է բոտը.
Բոտը ծրագրային գործիք է, որն աշխատում է նախապես տրված առաջադրանքով, ղեկավարվում է հստակ հրահանգներով և ունի առցանց փոխազդեցության ունակություններ (հրապարակում, մեկնաբանություն, հետևում և այլն)։ Կան պարզ բոտեր (կրկնվող տեխնիկական գործողություններ) և բարդ բոտեր, որոնք կարող են գրեթե մարդու պես իմիտացնել վարքագիծ՝ կիրառվելով մանիպուլյացիայի, արհեստական թրենդների և քարոզչության համար։

Բոտերի ճանաչման հիմնական նշանները.

Օգտահաշվի վերլուծության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել կասկածելի նշաններին։

  • Օգտահաշիվ՝ Անունը և ծածկանունը հաճախ լինում են RandomUser12345, NewsLover999, TruthTeller888 տիպի։ Կարող են լինել անանուն կամ ընդհանուր անուններ՝ John Smith, Anna Petrosyan, կամ տարօրինակ ազգությունների անունների համադրություններ։ Պրոֆիլի նկարը կարող է բացակայել կամ լինել լանդշաֆտային ֆոտո, շատ մոդելային տիպի նկար (stock photo) կամ ցածր որակի, մղլած նկար։ Կենսագրական տվյալներում սովորաբար բացակայում են անձնական մանրամասները, ոչինչ չի գրված մասին բաժնում, կամ տեղեկությունները տարօրինակ են և շարահյուսորեն սխալ։
  • Վարքագիծ՝ Անբնական վարքագիծը դրսևորվում է 24/7 ակտիվությամբ՝ առանց քների կամ դադարների, գիշերային ժամերին (2:00-6:00) ակտիվ հրապարակումներով, մեկ ժամանակահատվածում տասնյակ հրապարակումներով։ Բովանդակության առումով նկատվում է միայն քաղաքական կամ քարոզչական բովանդակություն, նույն տեքստի կամ նկարի կրկնակի օգտագործում, copy-paste հաղորդագրություններ տարբեր օգտահաշիվներից։ Փոխազդեցության տեսանկյունից՝ հիմնականում շփվում են բոտական օգտահաշիվների հետ, ստանում են գաղափարազուրկ մեկնաբանություններ, ունեն շատ հետևորդներ, բայց քիչ իրական փոխազդեցություն։
  • Բովանդակություն՝ միայն քարոզչական թեմատիկա, սադրիչ հաղորդագրություններ, նույն լուսանկարների/տեքստերի կրկնակի օգտագործում:
    Կարևոր․ նշաններն անհրաժեշտ է դիտարկել համակցված և ամբողջական համատեքստում․ մեկ ազդանշանը դեռ «բոտ» լինելու վերջնական ապացույց չէ։

6. Քննադատական մտածողություն և պատասխանատու վարքագիծ
5W+H կանոնը
Քննադատական մտածողության զարգացման համար կարևոր է կիրառել 5W+H մոտեցումը յուրաքանչյուր տեղեկատվության գնահատման ժամանակ։

  • Ո՞վ (Who) – հեղինակը կամ աղբյուրը և նրա որակավորումը
  • Ի՞նչ (What) – պնդվող տեղեկությունը, ապացույցների առկայությունը
  • Ե՞րբ (When) – իրադարձության ամսաթիվը և արդիականությունը
  • Որտե՞ղ (Where) – տեղորոշումը և դրա ստուգելիությունը
  • Ինչու՞ (Why) – հրապարակման նպատակը և շարժառիթները
  • Ինչպե՞ս (How) – հաստատման մեթոդը և դրա իրատեսականությունը

Տիպիկ մտածողական սխալներ
Հաստատման կողմնակալություն (confirmation bias) դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդը հակված է հավատալ այն տեղեկությանը, որը հաստատում է իր արդեն ունեցած կարծիքը։ Այս սխալից խուսափելու համար անհրաժեշտ է դիտավորյալ փնտրել հակառակ տեսակետներ և քննադատաբար վերլուծել դրանք։
«Արձագանքի սենյակ» երևույթը (echo chamber effect) այն իրավիճակն է, երբ մարդը միայն նույն կարծիք ունեցող մարդկանց հետ է շփվում, օրինակ՝ սոցիալական ցանցերում միայն նման մտածողների խմբում, և արդյունքում լսում է միայն նույն տեսակետները։ Այս խնդրի լուծումը բազմազան աղբյուրներին հետևելն է և տարբեր տեսակետների ակտիվ որոնումը։
Ընդհանրացման սխալը դրսևորվում է, երբ մեկ օրինակով փորձում են եզրակացնել ընդհանուր պատկերը։ Այս սխալից խուսափելու համար անհրաժեշտ է փնտրել ավելի շատ տվյալներ և համեմատել տարբեր աղբյուրներ՝ նախքան վերջնական եզրակացություն անելը։
Պատասխանատու վարքագիծ
Եթե վերևում նշված նշաններից մի քանիսը համընկնում են, նյութը դիտարկիր կասկածելի․ դադար տուր տարածմանը, մինչև լինի անկախ և վստահելի հաստատում։ Տարբերիր փաստն ու կարծիքը, նախապատվությունը տուր առաջնային աղբյուրին (պաշտոնական հաղորդագրություն, փաստաթուղթ), նայիր նաև ժամանակային համատեքստին՝ սա նոր տվյալ է, թե հնի վերապատմում։ Գնահատիր հնարավոր վնասը․ որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր է ապացուցողական շեմը։
Բժշկական պնդում — անհատական պատմությունները (testimonials) ապացույց չեն․ մինչև մասնագիտական և վստահելի հաստատում չլինի՝ չտարածել։ Քաղաքական «բացահայտում» — ստուգիր ալիքի/կայքի պատմությունը, պահանջիր փաստաթղթային ապացույց և բազմակողմ հաստատում․ մինչև դրանք չլինեն՝ չտարածել։ Հիշիր՝ անձնական տվյալների չարտոնված հրապարակումը վնասաբեր տեղեկատվություն է, նույնիսկ եթե փաստերը ճշմարիտ են
Միշտ նշիր բովանդակության ծագումը (original source), իսկ հարթակային կանոնների խախտումների դեպքում կիրառիր զեկուցման (report) գործառույթը։

Վերջում կիրառիր «Կանգ – Ստուգիր – Համեմատիր – Միայն հետո տարածիր» կանոնը, իսկ ստուգման գործիքներն ու քայլերը մանրամասն ներկայացված են «»-ում:

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա․ ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն էլ իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից ֆինանսավորմամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել