Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և գործով անցնող 17 անձանց փաստաբանները դատարանի բակում հայտարարեցին, որ այսօր չեն մասնակցելու դատական նիստին՝ այսպիսով իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ դատավորի և դատական համակարգի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանն այժմ քննում է մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Լսելով հանրային մեղադրողների կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը։
Վերջինս դիմելով նախագահող դատավորին՝ ասաց․ «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ազնիվ, առանց խաբեության դրսևորման համար, և ես այնքան լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում Դուք չկայացրեցիք, որովհետև դա ինձ համար մահ կլիներ հայտնվել մի այնպիսի պայմաններում, որ մեր երկիրը հանձնված իրավիճակում է, և հանկարծ դրսում, այսպես կոչված, դրսում, ես հիմա կատարյալ ազատության մեջ եմ, և շնորհակալ եմ Ձեզ, որ իմ ազատության ժամկետը երկարացրեցիք։ Լիդյա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակ պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե ես դուրս գայի այդ միջավայրից»: